Հունվարյան նախագծային ճամբար


Երևան քաղաքի ձիարձանները

Այս նախագծային ճամբարի ընթացքում ընկեր Վարդանի հետ պատմությունից իրականացրեցինք <<Երևան քաղաքի ձիարձանները>> նախագիծը: Եղանք Զորավար Անդրանիկի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Մարշալ Բաղրամյանի, Գայի (Հայկ Բժշկյան) ձիարձաններում: 

 

Զորավար Անդրանիկ

Երևանի  ուշագրավ ձիարձանների շարքին է պատկանում Անդրանիկ Օզանյանի ձիարձանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում: Այն տեղադրվել է 2002 թվականին։ Հուշարձանի քանդակագործն է Արա Շիրազը: Նրա կերտած մի ամբողջ շարք հուշարձաններ այսօր արդեն դարձել են հայ ժողովրդի մշակութային հարստությունը։ Հայոց մեծերի այդ պանթեոնում բարձրարվեստ  և ինքնատիպ մարմնավորումներ են ստացել աշխարհիկ ու հոգևոր ոլորտի երևելի այրեր` Խրիմյան Հայրիկից և Վազգեն Առաջինից մինչև Ե. Չարենց ու Պ. Սեւակ, Վ. Սարոյան ու Ս. Փարաջանով։ Քանդակագործի տարիների երազն էր ժողովրդի ծոցից ելած լեգենդար հերոսի` Զորավար Անդրանիկի և նրա գործի հավաքական կերպարն ամբողջացնող հուշարձան ստեղծել, որի համար մոտ երկու տասնամյակ որոնումների դժվարին բովով անցավ։ 1991թվականին տեղի ունեցած հանրապետական մրցույթին նա ներկայացրել էր երկու տարբերակ՝ Զորավարը երկու ձիերի վրա անսովոր լուծումով աշխատանքը և երկարուկ, ժապավենաձև ձգվող մի հորինվածք, ուր հերոսն ու իր քաջարի ֆիդայի զինակիցները մեկ առանցքի շուրջ էին ծավալվում։

Գեղարվեստական խորհուրդը նախապատվությունը տվեց առաջինին։ Զույգ ձի թամբող Զորավարի նմանատիպ լուծումը դիտողին առաջին հայացքից կարող է անսովոր թվալ։  Կիսված ժողովրդի եւ կիսված հայրենիքի իրական պատկերը խորհրդանշող այս զույգ ձիերը մեր պատմական իղձերի ու երազների հավաքական տեսիլն է, նրա մշտաբորբոք անթեղված կրակը, որն արվեստային դաշտում դիտողի հոգու եւ մտքի մեջ արթնացնում է նաև այլ կենսական զուգահեռներ։

 

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանի ձիարձանը հիմնադրվել է 1959 թվականին, քանդակագործն է՝  Երվանդ Քոչարը: Վարդան Մամիկոնյանի ձիարձանը  տեղադրվել է 1985-ին։ Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։ Արձանը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Վարդան Մամիկոնյանը  5-րդ դարի հայ զորավար է, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ: Վարդան Մամիկոնյանը առավել հայտնի է դարձել Ավարայրի ճակատամարտում, որը տեղի է  ունեցել  451 թվականի մայիսի 26-ին, Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում՝ հետագայում դասվելով սրբերի շարքը։

 

Սասունցի Դավիթ

«Սասունցի Դավիթ» ձիարձանը Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։ Հենրիկ Իգիթյանը ասել է, որ եթե  Քոչարը անգամ միայն Դավթի արձանը կերտեր, դրանով իսկ կմնար համաշխարհային պատմության էջերում: 1939 թվականին հայտարարվեց մրցույթ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակին ընդառաջ, և այդ մրցույթում Երվանդ Քոչարը, ով նոր էր վերադարձել Փարիզից, հանձն առավ կատարելու այդ գործը: Փայտե մի քանի մետրանոց պատվանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը պատրաստ էր 18 օր անց։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի՝ մինչև Քոչարի ձերբակալումը։ Քանդակագործին մեղադրեցին, որ «մերկացրած սրով հեծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա», որը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, երկու ամիս բանտում անցկացնելուց հետո նրան ազատեցին հանցակազմի բացակայության հիման վրա։ 1957 թվականին Երևանի քաղաքային խորհուրդը նրան կրկին հանձնարարեց Սասունցի Դավթի արձանը կերտել։Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին: Այն ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Պետք է նշել,  որ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։

 

Մարշալ Բաղրամյան

Հայերի համար ոչ պակաս նշանակություն ունի Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց: «Մարշալ Բաղրամյան» ձիարձանը տեղադրվել է 2003 թվականին։ Քանդակագործն է՝ Նորայր Կարգանյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

 

Հայկ Բժշկյան

ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ կամ ԳԱՅ- Հայ կամավորական շարժման ակտիվիստ, ռազմական ճանաչված գործիչ: «Գայ» անունը ստացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին, որը Հայ-Հայկ անվան ռուսերեն արտահայտությունն է: Նրա գլխավորած դիվիզիան տարած հաղթանակների և բարձր կարգապահության շնորհիվ կոչվել է «Երկաթե դիվիզիա»: 1937 թ., ինչպես շատ ռազմական գործիչներ, այնպես էյ Գայը, անհիմն բռնադատվեց և 1 տարի անց գնդակահարվեց: Քանդակագործ Սուրեն Նազարյանը Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում 1974-75 թթ. կանգնեցրեց այս հրաշալի հուշարձանը՝ «Գայի» ձիարձանը, որն ունի 3 տոննա կշիռ և 12,5 մետր բարձրություն: Ճարտարապետը Սարգիս Գուրզադյանն է: Ասում են, որ «Գայի» ձիարձանը աշխարհի ամենամեծ բրոնզաձույլ ձիարձանն է: Նշեմ նաև, որ հուշարձանի հարակից պուրակը կոչվում է քանդակագործի՝ Սուրեն Նազարյանի անունով:

 

Մենք այցելեցինք բոլոր 5 ձիարձանները: Բոլորը յուրովի էին: Զարմանալին այն էր, որ անցորդներին հարցնելիս շատերը չիգիտեին, թե ում ձիարձանի կողքին են ապրում, կամ սովորում: Բայց մենք լրացրեցինք այդ բացը: Իմ կարծիքով սերը դեպի քաղաք սկսվում է այն ճանաչելուց: 

0 Comments

Չկա ազատություն առանց օրենքի

Շատերը ազատություն ասելով հասկանում են ամեն ինչ անելու հնարավորություն: Պետք չէ մոռանալ, որ քո ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրավունքները: Մարդիկ պետք է ազատ  ապրեն, այնպես, որ չոտնահարեն մյուսների իրավունքները, չէ որ բոլորի իրավունքները հավասար են:

<<Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում>> (1789թ., Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանում է որպես իրավունք <<անել այն ամենը ինչը չի վնասում ուրիշներին: Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից: Այդ սահմանները կարող են որոշել միայն օրենքով>>: Նույնը վերաբերվում է ժողովուրդներին, պետություններին: Պետությունները պետք է հաշվի առնեն, որ բոլորն էլ ունեն հավասար իրավունքներ, և պետք չէ մեկը մյուսի հանդեպ իրեն առավել զգա կամ նվաստացնի միայն այն պատճառով, որ թույլ է: Հակառակը, եթե ոչ ոք շահի հետևից չընկնի, ապա պետությունները, նաև մարդիկ, իրար օգնելով առաջ կգնան: 

 

0 Comments

Ես՝ <<Գրադարանի աղջիկ>> մրցանակակիր

Այս տարի արժանացա «Գրադարանի աղջիկ» մրցանակի: Նոր տարվա յուրահատուկ նվեր է: Ամիսներ առաջ էլ դարձա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգևի մրցանակակիր։ Եվ հենց գրադարանային աշխատանքերիս շնորհիվ էր, որ այդ մրցանակի թեկնածու առաջադրվեցի։ Երբ տեղափոխվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր առաջին անգամ գրադարան այցելեցի դասագրքեր վերցնելու համար, և ցանկություն առաջացավ լինել այն սովորողներից մեկը, ովքեր դասերից հետո գրադարանում ընթերցում են: Ադպես էլ եղավ։ Հետագայում դարձա գրադարանի սովորող-աշխատողներից մեկը: Կատալոգավորում էի անգլերեն գրքերը ըստ ժանրերի, հետո սկսեցի սկանավորել գրքերը, կազմակերպում էինք գրքերի շուրջ քննարկումներ, հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, ընթերցանություն կրտսեր սովորողների հետ, ռեպորտաժներ գրադարանից, և այլն: Հետո մեր շրջանավարտ Մերի Թելունցից ստացանք հրավեր Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար կազմակերպել դասագրքերի թվայնացման դասընթաց։ Դա էլ մեր փորձի փոխանցումն էր։

Հավատացած եղեք, որ կրթահամալիրի գրադարանային աշխատանքը շատ է տարբերվում այն մութ, գորշ գրադարաններից, որոնք երբևէ տեսել եք։ Այստեղ խրախուսում են ըթերցանությունը, միջավայրն անընդհատ փոխվում է, նորացվում, որ ընթերցողն իրեն լավ զգա։

Շնորհակալ եմ մեր կրթահամալիրին, որ սովորողներին ինքնադրսևորվելու հնարավորություն է ընձեռում և գնահատում է մեր արած քայլերը: Շնորհակալ եմ նաև ուսուցիչներիս ինձ օգնելու և առաջադրելու համար: Շնորհավորում եմ բոլորին գալիք Նոր տարվա առիթով, թող նորանոր ձեռքբերումների տարի լինի մեզ համար։

 

Տես նաև՝ <<Ես ու գրադարանը>>:

0 Comments