Հակաարաբական ապստամբությունները հայաստանում

Արաբների Հայաստանում կատարած անօրինությունները, կրոնական ու ազգային հալածանքները, ծանր հարկերը հանգեցրին մի շարք ապստամբությունների: 

Առաջին ապստամբությունը արագորեն ճնշվեց, բայց արաբներին ստիպեց հաշվի նստել հայ նախարարների հետ եւ ճանաչել նրանց ժառանգական հողատիրության իրավունքը: 

Հաջորդ հակաարաբական ապստամբությունը բռնկվեց 748թ., երբ խալիֆայությունում գահակալական կռիվներ էին ընթանում: Այն ղեկավարեց աքսորից վերադարձած Գրիգոր Մամիկոնյանը, որին միացավ նաեւ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: 750թ. արաբները դաժանորեն ճնշեցին այս ապստամբությունը: 

774թ. բռնկվեց արաբների դեմ ամենախոշոր ապստամբությունը: Արտավազդ Մամիկոնյանը, ձեւանալով արաբներին հավատարիմ, եկավ Դվին, զինեց իր ջոկատը եւ Շիրակի Կումայրի գյուղի մոտ հարձակվեց արաբ հարկահավաքների վրա, խլեց հարկերը եւ հեռացավ Բյուզանդիա: Այս դեպքից հետո ողջ երկրում տարածվեց ապստամբություն, որի գլուխ կանգնեց Մուշեղ Մամիկոնյանը:

775թ. խալիֆը 30.000-ոց բանակ ուղարկեց հայերի դեմ: 775թ. ապրիլի 12-ին հայկական 5.000-ոց բանակը հարձակվեց Արճեշ քաղաքի վրա, սակայն թիկունքից նրան հարվածեց դարանակալած արաբական մեծաքանակ բանակը: Հայերը ծանր պարտություն կրեցին:

9-րդ դարի սկզբներին հայ նախարարական տները կրկին հզորացան, իրենց դիրքերն ամրապնդեցին եւ լուրջ դերակատարություն ստանձնեցին երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ արաբ ոստիկանի ազդեցությունը թուլացավ: 

Խալիֆը 851թ. հսկայական բանակ ուղարկեց թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ, որը սկսեց դաժանորեն ավերել երկիրը: Խալիֆը խոստացել էր արաբ զորավարներին հանձնել սպանված կամ ձերբակալված հայ իշխանների տիրույթները: Դրանից ոգեւորված արաբները ձերբակալում էին նաեւ ապստամբությանը չմիացած հայ իշխաններին: 

Հայերը համառ դիմադրություն ցույց տվեցին հատկապես Վասպուրականում: 852թ. Գուրգեն Արծրունին Արյան լճի ճակատամարտում 900 ռազմիկներով հաղթեց 10.000-ոց արաբական բանակին: Բուղան ասպատակեց գրեթե ողջ Հայաստանն ու Վրաստանը: Արցախում Բուղան 28 անգամ գրոհեց Քթիշ ամրոցը, բայց Եսայի իշխանը հաջողությամբ ետ մղեց թշնամուն: Համառ պայքարով Արծրունիները իրենց ազդեցությունը վերականգնեցին Վասպուրականի զգալի մասում: Համոզվելով, որ հայերին զենքի ուժով անհնար է ծնկի բերել, խալիֆը 855թ. Բուղային ետ կանչեց: 

Այսպիսով, 850-855թթ. ապստամբությունը զգալի հարված հասցրեց խալիֆայությանը եւ Հայոց պետականությունը վերականգնելու նախադրյալներ ստեղծեց: