Իմ քայլը

Ժողովուրդ միացե՛ք ցույցին, ամեն մեկիս մասնակցությունը կարևոր է։ Հայաստանը մեր ձեռքերում է։ Էլ ով պիտի պայքարի մեր իրավունքների համար եթե ոչ մենք։ Համոզված եմ բոլորդ ինչ որ բողոք ունեք եթե ոչ բողոքներ։ Հերիք է հանդուրժեք, ժամանակն է ամեն ինչ կուլ տվող ու ամեն ինչի վրա աչք փակող ազգից դառնանք մեր իրավունքների տերը։ Պայքարեք, որ մի քանի տարի հետո Հայաստանից գնալուց լինեք, իմանաք, որ ամեն ինչ փորձել, արել եք, նոր եք հեռանում, այլ ոչ թե ինքներդ ձեր մեջ բողոքեք ու թողեք գնացեք։ Գործել է պետք։ Իսկ այն մարդկանց, ովքեր դեմ են ցույցերին ինչէ թե խցանման մեջ են ընկնում, կասեմ որ ձեռքերը ծալած նստելով ոչինչ չեք փոխի, գործել պետք չէր անցյալում կամ պետք չէ հետո, այլ պետք է հիմա։ Իսկ եթե ինչ֊ինչ պատճառներով չեք օգնում, մի խանգարեք, թողեք մենք ձեր փոխարեն անենք գործը։

 

Ընդհանրապես համաձայն չեմ այն կարծիքին, որ ինչքան էլ պայքարենք, միևնույն է, ոչնչի չենք հասնի, ընդհակառակը, կվատանա ամեն ինչ։ Ժողովուրդ, ինքներդ ձեզ նայեք։ Դուք ամեն օր անում եք որոշ քայլեր, կայացնում եք որոշումներ, որոնք կառուցում են ձեր ապագան։ Դուք չեք դոփում տեղում, քանզի գիտակցում եք, որ ոչինչ չանելով ոչինչ չեք ունենա։ Դուք նույնիսկ կրկնում եք անցյալում ձեր ձախողված քայլերը՝ հույս ունենալով, որ այս անգամ ամեն ինչ ուրիշ կլինի, որ դուք արդեն ավելի տեսած եք և այս անգամ չեք անի այն սխալը, որի պատճառով դուք նախորդ անգամ ձախողվեցիք։ Իսկ ո՞րն է խնդիրը հիմա։ Վախենում եք գործի մեծությունի՞ց, գլուխ բերելու դժվարությունի՞ց և վատ հետևանքներ ունենալո՞ւց, թե՞ այնքան հոռետես եք, որ չեք ուզում նեղություն կրել մի նպատակի համար, որը միևնույն է, չի իրականանալու։ Ոչ մի հատուկ բանաձև չկա, որը ասի, թե ինչի կհանգեցնեն ցույցերը։ Մինչև չփորձենք, չենք իմանա։ Չստացվի՝ էլի կփորձենք։ Իսկ եթե ստացվի, և որոշ ժամանակ հետո էլի բողոքներ լինեն, էլի կելնենք ոտի և կպայքարենք։ Չէ՞ որ մենք մարդիկ ենք, ովքեր չեն հանդուրժի անարդարությունը։

 

Իսկ ինչ վերաբերվում է անչափահասների ցույցին մասնակցելուն, ասեմ որ անչափահասներին պետք չէ դիտարկել որպես սեփական դատողությունից ու կարծիքից զուրկ նորածնի, ում պետք է պաշտպանել ամեն մի փոշեհատիկից։ Նրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունենք իրենց բողոքները և ուզում են պայքարել իրենց իրավունքների համար։ Բացի այդ, ես համոզված եմ, որ ցանկացած աշակերտ ցույցերի ժամանակ` տեսնելով նպատակասլաց ժողովրդի, տեսնելով տանջված ու վերջին հույսը ունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը, իր իրավունքների համար պայքարելով և իր երկրի համար ներդրում ունենալով կսովորի այն բաները, ինչը դպրոցում չի ստանում: Աշակերտը մարդ է, ով ունի իր զգացմունքները և խնդրում եմ հարգել դրանք: Իսկ ինչ վերաբերվում է այն աշակերտներին, ովքեր ցույցերը օգտագործում են որպես դասի չգնալու պատրվագ, ապա սիրելի ծնողներ, դա ձեր տված դաստիարակության խնդիրն է միայն։