Ինչպիսին է եղել Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին ընթերցասեր մարդ է եղել, շատ է սիրել գիրք կարդալ: Նա գրքին շատ յուրահատուկ էր վերաբերվում: Գիրք էր կարդում ոչ թե պարապության ժամանակ, երբ գործ չկար անելու, ինչպես շատերը: Ամեն միտք և գաղափար կարդալիս խորհում էր դրա մասին և առանց հասկանալու առաջ չէր անցնում: Երբ Մխիթար Սեբաստացին լավ արտահայտության կամ նախադասության էր հանդիպում, անպայման հիշում էր կամ գրում թղթի վրա և օգտագործում իր հռետորախոսությունների ժամանակ: Գիրքը ձեռքից բաց չէր թողնում մինչև ավարտելը: Լավ էր վերաբերում իր բոլոր գրքերին, ուներ մեծ գրադարան, մի գիրքը կարդում էր մի քանի անգամ և ամեն անգամ յուրովի հասկանում իմաստը: Նա կարդում էր ոչ միայն իր սենյակում, այլ նաև այգիներում և պարտեզներում: Ճանապարհորդելու ճամանակ ոչ մի առարկա  չէր վերցնում, վերցնում էր գիրքը: Օրեր են եղել, երբ հաց չի կերել, չի քնել մինչև գիրքը ավարտելը: 

Մխիթար Սեբաստացին հակառակորդի դեմ գործածում էր համբերություն, լռություն և համարում էր, որ դա ավելի զորեղ ձև է, քան արդարացնող, շատախոս պատասխանները։ Նա իր հանդեպ խիստ էր, բայց ուրիշների հանդեմ մեծահոգի։ Նա շատ խորհագետ էր, անկեղծ, բարեշնորհ, քաղցրահամբույր․․․

Մխիթար Սեբաստացին բացի իր գործից, մեծ ուշադրություն է դարձրել նաև միաբանության անդամներին: Հետևել է, որ նրանք լավ հարաբերությունների մեջ լինեն, չկռվեն և միշտ համերաշխ լինեն: Մխիթարը շատ ազնիվ մարդ էր, ամեն ինչի մեջ սեր էր քարոզում:

Նա շատ էր սիրում երեխաներին, դասավանդում էր դպրոցներում: Մխիթար Սեբաստացին ցանկանում էր ուսուցանել, որ աշակերտները լինեն ազնիվ, վատը լավից տարբերեն: Նա ուզում էր, որ տղաները հասկանան, թե ինչ են ուզում կյանքից, ով են իրականում, ինչ կարող են դառնալ, կկարողանան, թե ոչ: Նա շատ հետաքրքիր խոսք ուներ, աշակերտները նրան մեծ ուշադրությամբ լսում էին: Առավոտից երեկո հսկում էր երեխաներին, փորձում էր ուղղել նրանց սխալները, բացատրել ճիշտը, ուսուցանում էր նրանց հռետորություն, աստվածաբանություն, իմաստասիրություն:

Նա շատ էր սիրում իր աշխատանքը: Ներում էր մարդկանց, բայց կրկին չէր հանդուրժում նման արարք: 

 

 Աղբյուրներ՝

 Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ», Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ. , էջ 73-74, 316-320

Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1981թ., հատոր 7, էջ 633