Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը

Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչա գյուղում, նշանավորելով 1826-28թթ.-ների ռուս-պարսկական պատերազմների ավարտը: Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտաորվում վճարել 20 միլիոն ռուբլի արծաթով ռազմատուգանք: Ռուս վաճառականները ազատ առեվտրի իրավունք են ստանում Պարսկաստանում: Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում է միայն Ռուսաստանին: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում Ռուսական Կայսրությանն անցած տարածքներ 1 տարվա ընթացքում (1828-29թթ. Պարսկաստանից շուրջ 45 հազար մարդ գաղթել է և բնակվել Երևանի և Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից):

 

Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում, և թուլացրել Անգլիայի դիրքերը Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով հայ ժողովուրդը ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34%-ն էր հայ):

Write a comment

Comments: 0