Տպավորություններ <<Սինոփսիս>>-ում կայացած հարցազրույցից

Հունիսի 27-ին տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդների հարցազրույցը <<Սինոփսիս Արմենիա>> գրասենյակում: Ճիշտն ասած, մինչ հարցազրույցը մի փոքր լարված էի, մտածում էի կկարողանամ արդյոք պատշաճ ներկայացնել իմ կատարած աշխատանքները, տեսակետները: Բայց հարցազրույցի մթնոլորտը տրամադրում էր անկեղծ, հանգիստ ու կենտրոնացած զրույցի: Հանձնաժողովի անդամները խստապահանջ ու հաճելի մարդիկ էին, հետաքրքիր էր նրանց հետ զրուցելը: Ընդհանրապես լարված մթնոլորտ չէր: Ինձ դուր էր գալիս, որ նրանք ինձ ուշադիր լսում էին: Երբ իմացան, որ աստղաֆիզիկոս եմ ուզում դառնալ, մասնագիտական հարցեր տվեցին: Ժամանակակից աստղագիտությունը լայնորեն կիրառում է ՏՏ ոլորտի նորագույն ձեռքբերումները: Պատասխանելիս ես աշխատում էի խոսել համառոտ և սպառիչ, օգտագործելով մասնագիտական տերմիններ: Հետո եղան հարցեր իմ նախասիրություններից, ապագայիս մասին պատկերացնումներից, կանանց իրավունքների պաշտպանված լինելուց, աղջիկ-տղա հարաբերություններից և այլն: 

Իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցին յուրովի էր մոտենում՝ անհատական, դիպուկ հարցերի շնորհիվ նրանք կարճ ժամանակում կարծիք էին կազմում մասնակցի մասին: 

Ընտրվելով ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ, ես իմի բերեցի իմ մի քանի տարվա աշխատանքը, ամփոփեցի, տեսա որտեղ եմ լավ աշխատել, որտեղ էր կարելի ավելին անել, իսկ ստացված մրցանակը իմ այդ աշխատանքի գնահատականն էր: Մրցանակը խրախուսանք է հետագա նվաճումների համար: 

Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ իմ ընկերները՝ Դավիթն ու Նորայրն էլ են մրցանակ ստացել, մենք միասին կիսեցինք մեր ուրախ տրամադրությունը: 

Շնորհակալ եմ մեր կրթահամալիրից, որ ընձեռեց ինձ այս կրթական պարգևին մասնակցելու հնարավորություն:

Write a comment

Comments: 0