Արտաշես Ա-ի, Տաթևի վանքի, Սահակ Պարթևի և Թեոդորոս Ռշտունու մասին

Արտաշես Ա

Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը: Կառավարել է մ.թ.ա. 189-160:

Հայոց ավանդավեպը նշում է, որ նա հայոց արքայազն էր, և նրա գահն ու իրավունքը բռնագրավեց Երվանդ Դ արքան (մ.թ.ա. 220-200), որ գահ բարձրանալով` սրի քաշեց օրինավոր թագաժառանգներին: Նրանցից փրկվեց միայն մանուկ Արտաշեսը, որին Սմբատ Բագրատունին փախցրեց: Հետագայում հասակ առնելով Արտաշեսը վերանվաճում է իր երկիրը, ճակատամարտի ժամանակ սպանում Երվանդին և գահ բարձրանում Հայաստանում: Ինչքանով է հավաստի հայոց ավանդապատումը` դժվար է ասել: Մեզ հայտնի է Արտաշեսի հայրանունը. նա Զարեհի որդին էր: Զարեհ անունով թագավոր մինչ Արտաշեսի գահակալումը չենք ունեցել: Միգուցե Արտաշեսը Երվանդունյաց արքայատոհմի կրտսե՞ր ճյուղի ներկայացուցիչն էր:

Մ.թ.ա. 200 թ. սելևկյան արքա Անտիոքոս 3-րդ մեծի զորքերը տապալեցին Երվանդ 4-րդ-ի զորքերը և նվաճեցին Մեծ Հայքը: Սելևկյան բանակում որպես զորավար ծառայում էր Արտաշեսը, որի պատճառով էլ հայոց ավանդույթը նրան է վերագրում Հայքի նվաճումն ու Երվանդ 4-րդ արքայի սպանությունը: Անտիոքոս Գ-ն Հայաստանի կառավարիչ (ստրատեգոս) է նշանակում Արտաշեսին, Ծոփքում՝ Զարեհին:

Մ.թ.ա. 2-րդ դարում Մերձավոր Արևելքում սրվել էին միջազգային հարաբերությունները: Սելևկյանները ծրագրել էին Փոքր Ասիան ամբողջությամբ նվաճելու և դեպի Եվրոպա շարժվելու: Հռոմեական հանրապետությունը իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան, ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել միջերկրածովյան ավազանում: Կողմերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա. 190թ.-ին Մագնեսիայի մոտ, որտեղ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին:

Արտաշեսն անմիջապես օգտվեց Սելևկյանների պարտությունից, և մ.թ.ա 189թ.-ին Մեծ Հայքը հռչակեց անկախ թագավորություն: Այդ գործողությունը խրախուսվում էր Հռոմի կողմից, որն անմիջապես ճանաչեց Հայքի անկախությունը:

Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում:

Արտաշեսը վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները:

Արտաշես Ա-ի բարենորոգումների շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Մասնավոր հողատերերը տարբեր եղանակներով փորձում էին զավթել գյուղական համայնական հողերը: Հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը և ի վիճակի չէր զինվրագրվել բանակին: Դա մեծ վտանգ էր երկրի համար և Արտաշեսը կարգադրեց սահմանազատել համայնքի և մասնավոր տնտեսությունների հողերը:

Մեծ Հայքը բաժանեց 15 նահանգների ու 120 գավառների: Գավառների ու նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց՝ համապատասխան արձանագրություններով: Արտաշեսը նաև սահմանեց արքունի գործակալությունները, հիմնեց սահմանապահ 4 բդեշխությունները, ամրացրեց ու ավելի մարտունակ դարձրեց հայոց բանակը, հստակեցրեց հայոց տոմարը:

Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:

Արտաշեսի օրոք Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետություն: Երբ մ.թ.ա. 183-179 թ.-ին պատերազմ սկսվեց մի կողմից Պոնթոսի ու Փոքր Հայքի, մյուս կողմից Կապադովկիայի ու Բյութանիայի միջև, Արտաշեսը չեզոքություն պահպանեց, բայց ներազդեց կողմերի վրա պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն: Դիվանագիտական քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը, հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնեց նրան:

Սելևկյան պետությունը թուլացնելու համար Արտաշես Ա-ն հմտորեն օգտագործում էր նաև Հռոմի հակասելևկյան դիրքավորումը: Սակայն Արտաշեսը դաշինք չկնքեց Հռոմի հետ, ավելին ապաստան տվեց Հռոմի անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին:

Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով, ժողովուրդը նրա մասին ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգել է նրա իմաստությունը, քաջությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ:

 

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝

http://findarmenia.org/arm/history/18/74/75

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Arashes_1-in

http://ankakh.com/article/1178/artashyes--arradjin--yeryevyeli-u-parrapants-gvortsich

http://findarmenia.org/arm/history/18/78

 

 

Տաթևի վանք

(լուսանկարները՝ անձնական)

Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում: VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը:

Վանքի անվան ծագման մասին գեղեցիկ մի լեգենդ է մեզ հասել: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտեց իր աշխատանքը, նա խնդրեց Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկությունը: Աստված լսեց նրա խնդրանքը և կատաեց այն: «Տաթև» նշանակում է «Տուր թևեր»: Մոտենալով վանքին, հասկանում ես, թե ինչու հենց այդ անվանումը: Չորս կողմից անդունդներով շրջապատված վանքը, կարծես՝ ճախրում է կիրճի վրա:  Այդ գեղեցկությունը կարելի է տեսնել Հալիձորի դիտակետից:

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ: 839-ին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը: 844-ին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը: Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր:

Ս. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը նշանավորել է նրա հվ. մուտքի դիմաց Ս. Երրորդությանը նվիրված հուշասյուն կանգնեցնելով (կոչվել է «Գավազան»), որը շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է: Գավազանը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Տաթևի վանքը պարսպապատվել է, թեք տեղանքը բարձր հենապատերի միջոցով հարթվել, կառուցվել են թաքստոցներ, նկուղներ, դեպի բակը բացվող խցեր, սեղանատուն, արհեստանոցներ, մթերանոցներ, գրատուն, տաճարի առջև՝  գավիթ (որպես աղոթատեղի) և Սյունյաց իշխանների տապանատուն: IX դ. Տաթևի վանքը Հայաստանի ամենախոշոր ու նշանավոր վանքն էր. ունեցել է շուրջ 500 միաբան, վարդապետարան: Վանքում աշխատել, ստեղծագործելեն փիլիսոփաներ, երաժիշտներ, մանրանկարիչներ, գրիչներ:

Պարսպապատը կառուցվել է 9-րդ, ապա վերակառուցվել 18-20-րդ դդ.` պահպանելով նախնական կառուցվածքը։ Շրջանաձև աշտարակն ունի լուսամուտների նեղ բացվածքներ` արտաքինից դուրս ցցված քարերով։ Ներսից կարելի էր հսկել անցորդներին` աննկատ և պաշտպանված արշավողների նետերից։ Ինչպես և ժամանակի այլ բերդերում, պարսպապատին կից կառուցված էին բնակելի և տնտեսական շինություններ, խցեր` այս կերպ հենարան հանդիսանալով և ավելի ամրակայելով այն։

Տաթևի վանքը կողոպտվել, ավիրվել և վերակառուցվել է բազմաթիվ անգամներ: Օրինակ, 1044-ին հարևան ամիրայությունների հրոսակները հարձակվել են Տաթևի վանքի վրա, սպանել միաբաններին, կողոպտել վանքը, հրկիզել ու ավերել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բնակելի շենքերը, արհեստանոցները, որոնք շուտով վերականգնվել են: 1046-ին Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ վերակառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ որմնասյան վերևում ագուցելով Գրիգոր Ա Լուսավորչի մասունքը: 

Ներկայումս վանքը դեռ վերականգնման ընթացքում է: Եկամուտը ստավում է <<Տաթևի թևեր>> ճոպանուղու շահագործումից:

Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղագիտական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ որ X դ-ի եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:

Այցելելով Տաթևի վանական համալիր, ձեր առջև կբացվեն անառիկ ժայռերի վրա բարձրացող հզոր պարիսպները, հնագույն ձիթհանը՝ աղացաքարերով, ճոճվող գավազանը՝ բացառիկ միջնադարյան կառույց, Գրիգոր Տաթևացու՝ հայ եկեղեցու վերջին սրբի դամբարանը, եվրոպացի վարպետների հնագույն որմնանկարները:

Ձիթհանը 13-րդ դ. կառույց է, հյուսիսային բլրին կից, արևելյան կլոր աշտարակի մոտ։ Այն երկու ընդարձակ սրահ ունի և մի հսկայական քար, որն օգտագործվում էր սերմեր, ծաղիկներ և բույսեր տրորելով ձեթ (մյուռոն) ստանալու նպատակով։ (Այստեղ պատրաստվում էր նաև պաշտպանական նպատակներով օգտագործվող յուղ/ձեթ։) Մեծ հնոցների կրակի վրա ձեթը տաքացվում էր և հասցվում կիրառման պատրաստ իր վերջնական վիճակի։ Մյուռոնն օգտագործվում էր ժամերգությունների ժամանակ և բաժանվում էր Սյունիքի բոլոր հոգևոր թեմերին և եկեղեցիներին։

Ես ընտանիքիս հետ եղել եմ Տաթևի վանքում: Շատ էի տպավորված: Իրոք որ ամեն ինչ այնպես էր, ինչպես որ նկարագրում են, ոչ մի չափազանցություն: Համալիրը բավականին մեծ տարածություն էր գրավում` արդարացնելով բնական, հարմար և գեղեցիկ դիրք ունեցող հիասքանչ պատմական հուշարձանի իր համբավը։ Զառիթափ ժայռերը 700-800 մ. բարձրությունից նայում են գետին` երկու կողմից բնական պատնեշ հանդիսանալով հարձակումներից։ Մյուս կողմերից վանքը շրջապատված է աշտարակներով և հաստ պարսպապատերով: Ես բավականին մեծ պատկերացում ստացա, թե ինչպիսին է եղել կյանքը, երբ վանքը կառուցվել է:

 

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝

http://ter-hambardzum.net/%D5%BF%D5%A1%D5%A9%D6%87%D5%AB-%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1634

http://www.tatever.am/am/tatev-monastery-complex

http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_tatevi_vanq

https://barevarmenia.com/am/armenia_sights/sight276

http://www.armenianheritage.org/hy/monument/Tatev/770

 

 

Սահակ Պարթև

Սահակ Ա Պարթևը եղել է հայոց կաթողիկոսության՝ Գրիգոր Լուսավորչի տոհմից վերջին ներկայացուցիչը: Ծնվել է 348 թ. սեպտեմբերի 29-ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, մի քանի տարի անց հայոց կաթողիկոս ձեռնադրված Ներսես Ա Մեծ Պարթևի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի ընտանիքում: Դեռ մանուկ հասակում կորցրել է մորը, իսկ հոր՝ հռոմեական կայսրություն ուսումնառության մեկնելուց հետո դաստիարակվել է մորական պապի՝ Վարդան Մամիկոնյանի տանը: Հոր կաթողիկոսական աթոռ բարձրանալուց հետո փայլուն կրթություն է ստացել Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի նշանավոր ուսումնագիտական կենտրոններում: Տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին, եղել է հմուտ հայկաբան:

Ասպուրակես Մանազկերտցի կաթողիկոսի մահից հետո հայոց Խոսրով Դ Վերջին թագավորի կողմից նշանակվել է հայոց կաթողիկոս՝ առանց պարսից արքայից արքայի համաձայնության: Մեծապես աջակցել է հայ Արշակունի վերջին նշանավոր գահակալին Մեծ Հայքի վերամիավորման քաղաքականությունը կենսագործելիս: 388 թ.՝ Խոսրով Դ-ի ձերբակալությունից հետո, հայոց թագավորի կողմից կաթողիկոս նշանակված Սահակ Պարթևը և այլևայլ պաշտոններ ստացած նախարարները մնացին իրենց պաշտոններում, և պարսից արքունիքը, խիստ անհանգստացած հայերի դիմադրությունից և Խոսրով Դ-ի մեծ ժողովրդականությունից, ստիպված եղավ անգամ հանդուրժել վերամիավորված Մեծ Հայքի թագավորության գոյությունը: Ավելին. Սահակ Պարթևի ջանքերով ու միջնորդությամբ՝ նրա փեսա Համազասպ Մամիկոնյանը պարսից արքա Վռամ Գ Կրամանի կողմից ստացավ հայոց սպարապետի պաշտոնը, Մամիկոնյանների տունը՝ պատվավոր հինգերորդ գահը, իսկ Կամսարական ու Ամատունի ընտանիքները, որոնք մեղադրվում էին պարսից արքունիքի կողմից Խոսրով Դ թագավորին աջակցելու համար, վերականգնվեցին իրենց իրավունքների մեջ և արժանացան ներման:

Սահակ Պարթևը շուրջ քառորդդարյա խաղաղության պայմաններում ծավալել է մշակութային գործունեություն` սերտ համագործակցելով իր տեղապահ Մեսրոպ Մաշտոցի հետ, Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խթանել է ազգային կրթության ու լուսավորության վերելքը: Հայոց գրերի ստեղծումից (405 թ.) հետո կաթողիկոսի հրամանով երկրում արգելվել է օտար լեզուներով ուսուցումը: Սահակ Ա Պարթևի՝ 60, և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտներն սկսել են ուսուցանել հայոց նոր (մաշտոցյան) գրերը, ասորերենից ու հունարենից թարգմանել աստվածաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրքեր: Մեծ է եղել նրա դերն Աստվածաշնչի՝ հունարենից հայերեն թարգմանելու և կանոնացման գործում: Համաձայն Ղազար Փարպեցու՝ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հաճախակի դիմել են Սահակ Պարթևի օգնությանը, որը փայլուն տիրապետելով հունարենին՝ կատարելապես տիրապետում էր ոչ միայն տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, այլև քաջատեղյակ էր իմաստասիրական ճարտասանությանը: 

Կաթողիկոսի ջանքերով 422 թ-ին Հայոց թագավոր է ճանաչվել Վռամշապուհ արքայի 18-ամյա որդի Արտաշես Գ-ն: 428 թ-ին Պարսից Վռամ V արքան, քաղաքական մեղադրանքներ հարուցելով Սահակ Ա Պարթևի և Արտաշես Գ-ի դեմ, նրանց հրավիրել է Տիզբոն ու ձերբակալել. Սահակ Պարթևին ազատել է 432 թ-ին: 439 թ-ին, երբ Պարսից Հազկերտ II արքան պատերազմ է հայտարարել Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանն ու Հայոց Միջագետքը, Սահակ Ա Պարթևը, ընդառաջ ելնելով, փորձել է կանխել արյունահեղությունը, բայց վախճանվել է ճանապարհին՝ Բլուր գյուղում: 

Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց:

Եթե չլիներ Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցին օգնող և հովանավորող չէր լինի, և միգուցե մենք հիմա գրեր չունենայինք:

Հայ առաքելական եկեղեցին Սահակ Պարթևին դասել է սրբերի կարգը. նրա հիշատակի օրը մտցրել է հայկական Տոնացույց: Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը:

  «...Եվ կամավոր հոժարությամբ իր անձը տվեց գործին, պանծացրեց Աստծո գործակցությունը, որը նրան (Սահակ Պարթևին) տվել էր առավելապես գիտության այնպիսի շնորհներ: Եվ անվեհեր կերպով տքնելով գիշեր ու ցերեկ՝ թարգմանեց բոլոր կտակարանները, Սուրբ Հոգու ճշմարիտ մարգարեների խոսածները և հաստատելով կնքեց Նոր կտակարանի լուսավոր ու կենսատու քարոզությունները՝ երջանիկ առաքյալներով և նույն Հոգով»: 

Ղազար Փարպեցի

 

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1393

http://sveta-sargsyan.do.am/index/sahak_part/0-7

http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_sahak_a_partev

 

 

Թեոդորոս Ռշտունի

7-րդ դարի առաջին կեսին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան ցնցող իրադարձություններ։ Արաբական թերակղզում բնակվող արաբ քոչվոր ցեղերը միավորվեցին Մահմեդի վարդապետության շուրջ և ստեղծելով Արաբական Խալիֆաթը` անցան արտաքին նվաճումների։ Կարճ ժամանակամիջոցում Բյուզանդիայից նվաճելով մի շարք տարածքներ և կործանելով Սասանյան Պարսկաստանը 630-ական թվականների վերջերին արաբները մոտեցան Հայաստանին, որը կանգնեց մեծ արհավիրքի առջև։ Կրոնադավանաբանական և հողային վեճերի` երկրով մեկ ռազմական ցրվածության պատճառով խիստ թուլացած Հայաստանին սպառնում Էր արաբա-բյուզանդական պատերազմների թատերաբեմի վերածվելու բախտը։ Պետք է նշել, որ Հայաստանի մեծագույն մասը գտնվում Էր Բյուզանդիայի տիրապետության տակ, իսկ Պարսկաստանի կործանումից հետո, նրա տիրապետության տակ գտնվող Հայաստանի արևելյան մասը հայտնվել Էր անորոշ վիճակում։ Հարկավոր Էր կազմակերպչական և դիվանագիտական մեծ ընդունակությունների տեր մի առաջնորդ, որը երկիրը դուրս բերեր ծանր կացությունից։ Այդ առաջնորդը եղավ Թեոդորոս Ռշտունին։

Թեոդորոս Ռշտունին մեծացել և իր դաստիարակությունը ստացել Էր պարսից արքունիքում։ Պարսից արքայի կողմից նա նշանակվել Էր մարզպանական Հայաստանի սպարապետ, իսկ ավելի ուշ վարել` նաև մարզպանի պաշտոնը։ Սասանյան Պարսկաստանի կործանումից հետո նա ձեռքում կենտրոնացնում է Արևելյան Հայաստանի իշխանությունը` արագորեն ձեռնամուխ լինելով երկրի ամրապնդման գործին։ Լավ հասկանալով, որ օտար արշավանքների դեմ հաջող պաշտպանվելու համար անհրաժեշտ Է միավորել երկրի ցաքուցրիվ ուժերը, Թեոդորոս Ռշտունին տենդագին գործունեություն Է ծավալում Հայաստանի երկու մասերի միավորման ուղղությամբ, որը նրան հաջողվում է։ 639թ. միավորված Հայաստանը Ռշտունու գլխավորությամբ հռչակեց իր ինքնուրույնությունը։

Շատ չանցած` արաբների հարվածներից կործանվում է Սասանյան Պարսկաստանը: Հայաստանը ձեռք է բերում փաստացի անկախություն, և այդ պետության ղեկավարը հենց Թեոդորոս Ռշտունին էր: Թվում էր` Հայաստանի լիակատար անկախությունն ու թագավորական իշխանության հաստատումը ժամանակի խնդիր է: Բայց Հայաստանին նույնպես պատուհասում է արաբական վտանգը: Թեոդորոս Ռշտունին լավ էր հասկանում երկրին սպառնացող վտանգը և արաբների ռազմական հզոր ուժը, քանզի ի պաշտոնե հայոց բանակով պարսկական բանակի կազմում մասնակցել էր հակաարաբական պատերազմին: Նա նաև հասկանում էր, որ Հայաստանը միայնակ չի կարող երկար դիմակայել արաբական արշավանքներին: Հարկ էր, երկիրը ռազմականացնելուց զատ, նաև հմուտ դիվանագիտություն վարել արաբների հետ: Վտանգի դեմն առնելու համար նա ամեն դեպքում մեծացնում է հայոց բանակի թվաքանակը` շեշտը դնելով թեթևազեն և արագաշարժ հայոց այրուձիի վրա: Նա ամրացնում է Հայաստանի բերդերը, կարևորագույն քաղաքները, պաշտպանական հանգույցները: Ամրացնելով Հայաստանը` նա հոգ տարավ նաև Աղվանքի և Վիրքի մասին, այնտեղ տեղի ուժերին նույնպես նախապատրաստեց արաբական ներխուժմանը դիմակայելուն:

640թ. գարնանը արաբներն առաջին անգամ մտան Հայաստան։ Արագորեն առաջ շարժվելով և կողոպտելով բնակավայրերը` նրանք մտան Դվին և հարուստ ավարով կրկին ետ քաշվեցին երկրից։ Ռշտունին, որ չկարողացավ դիմակայել արաբների հուժկու և անսպասելի ներխուժումին` փութաջան կերպով պատրաստվեց դիմագրավելու նրանց հետագա հարձակումները։ Երբ արաբները երկրորդ անգամ (643-646թթ.) մտան Հայաստան` Կոգովիտ գավառում Ռշտունու զորքերը մեծ ջարդ տվեցին նրանց և դուրս շպրտեցին երկրից։ Դրանից հետո Ռշտունին իր ուշադրությունը կրկին սևեռեց Հայաստանի ներքին կյանքի վրա։ Ազգային առաջնայնության դիրքերից էր շարժվում հայոց իշխանը նաև եկեղեցուն վերաբերվող հարցերում։ 648թ. Դվինի ժողովը նրա գլխավորությամբ մերժեց բյուզանդական կայսրի ՙդավանական միության՚ առաջարկը։ Ռշտունու հարկադրմամբ անգամ քաղկեդոնիկ եկեղեցականները դրական պատասխան չտվեցին կայսրին` դրանով երկիրը երկպառակություններից զերծ պահելով։ Գազազած Բյուզանդիայի դեմն առնելու նպատակով Թեոդորոս Ռշտունին դաշնակցելու առաջարկ արեց արաբներին։ Ուժեղին հարգում են, հաղթողի հետ պատրաստ են դաշնակցելու բոլորը, և 652թ. հայոց իշխանն ու արաբ կառավարիչ Մուավիան կնքեցին դաշնակցային պայմանագիր: Արաբներն ու հայերը պարտավորվեցին պատերազմների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց, Հայաստանը պահպանեց ինքնուրույնությունն ու զինական ուժը և միայն ձևականորեն ճանաչեց արաբների գերադաս իշխանությունը։ Դրանից հետո նա արաբ յոթ հազարանոց զորաբանակի օգնությամբ ջարդեց Հայաստան ներխուժած բյուզանդական զորքին և երկիրը մաքրեց նրանցից։ Սակայն, երբ Թեոդորոս Ռշտունին հիվանդության պատճառով քաշվում է Աղթամար կղզին և ժամանակաորապես հետ կանգնում պետական գործերից` կրկին գլուխ են բարձրացնում կենտրոնախույս ուժերը։ Հայ նախարարների խորհուրդը որոշում է Հայաստանը, որը Ռշտունին կարողացել էր միավորել միայն գերմարդկային ջանքերի շնորհիվ, բաժանել նախարարական տների միջև։ Դա, փաստորեն, ընդվզում էր Ռշտունու վարած քաղաքականության դեմ։ Առիթից օգտվում են արաբները, որոնք նախարարներին հնազանդեցնելու պատրվակով մտնելով Հայաստան` հրի ու սրի են մատնում երկիրը և նախարարական տներից պատանդներ վերցնելով` հեռանում։ Թեոդորոս Ռշտունին ինքնակամ միանալով պատանդներին գնում է Դամասկոս` նրանց ետ վերադարծնելու և հայ-արաբական պայմանագիրը վերանորոգելու նպատակով։ Սակայն, 654թ. Դամասկոսում վախճանվում է:

Թեոդորոս Ռշտունին VII դարի օրհասական օրերին Հայաստանի իրական փրկիչը դարձավ: Ի տարբերություն պետական բազմաթիվ այլ գործիչների, որոնք դիվանագիտական հարցերում մեծ տուրք էին տալիս կրոնակցությանը` Ռշտունին առաջնորդվում էր բանականությամբ։ Հայաստանի համար այդ բախտորոշ շրջանում կարողանալով ճիշտ կողմնորոշվել` նա գնաց մահմեդական արաբների հետ դաշնակցության` ընդդեմ քրիստոնյա Բյուզանդիայի։

 

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝

http://ankakh.com/article/327/%C2%AB%E2%80%A6yethye-thyevodvorvos-rrshtunu-nman-qaghaqakan-mtatsvoghnyer-shat-linyein-hay-karravarvogh-shrdjannyeri-myedj%C2%BB--lyevo

http://hay-geni-haxtanak.blogspot.am/2013/09/blog-post_457.html

http://www.anunner.com/name/biography/%D4%B9%D4%B5%D5%88%D4%B4%D5%88%D5%90%D5%88%D5%8D_%D5%8C%D5%87%D5%8F%D5%88%D5%92%D5%86%D4%BB

 

 

Սիրանուշ Ասատրյան, 10-1 դասարան

Write a comment

Comments: 0