Քարահունջի աստղադիտարանը

Աշխարհի ժամանակակից աստղագիտական կենտրոններից է Բյուրականի աստղադիտարանը: Հայաստանի Հանրապետության տարածքում կան նաև հին աշխարհի հուշարձաններ (մեգալիթյան կառույցներ), որոնք վկայում են, որ դեռևս քարե դարերում մեր նախնիները նույնպես զբաղվել են աստղագիտությամբ: Դրանք են Քարահունջի (նախկին անվանումը՝ Զորաց քարեր), Մեծամորի և Անգեղակոթի աստղադիտարանները, ինչպես նաև Գեղամա լեռներում գտնվող ժայռապատկերները, որոնցում պատկերված են տարբեր համաստեղություններ և անզեն աչքով երևացող մոլորակները (Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն): Ես կներկայացնեմ Քարահունջի նշանավոր մեգալիթյան կառույցը: 

Մեգալիթը նախապատմական դարաշրջանի շինություն է, որը կառուցվել է անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից:

Մեգալիթներ

Քարահունջի մեգալիթը հանդիսանում է քարե դարաշրջանի աստղադիտարան, որի առավելագույն տարիքը գնահատվում է աստղագիտական մեթոդով և կազմում է 7500 տարի, իսկ նվազագույն տարիքը գնահատվել է հնագիտական պեղումներով, կազմելով 4000 տարի: Ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն և նոր հետազոտությունները կարող են ճշտել նրա տարիքը: Նշենք, որ կառույցի ներսում պեղումներ դեռ չեն կատարվել, իսկ հնագիտական մեթոդով ստացված վերը նշված գնահատականը տրվել է կառույցից դուրս՝ մոտակայքում կատարված պեղումների հիման վրա: Ենթադրվում է, որ այս նախապատմական կառույցը կարող է լինել ավելի հին, քան Անգլիայում գտնվող հանրահայտ Սթոունհենջն է, որի տարիքը կազմում է 4000 տարի:

 

 

Նախ ներկայացնեմ ընդհանուր տեղեկություններ Քարահունջի կառուցվածքի մասին, որից հետո կանդրադառնամ երկու գլխավոր հարցի.

ինչո՞վ է այն համարվում եզակի աշխարհի մյուս նմանատիպ շինությունների մեջ և ինչպե՞ս է հնարավոր աստղագիտական մեթոդով որոշել նրա տարիքը:

 

Հնագիտական պեղումների համաձայն, ինչպես որ աշխարհի այլ մեգալիթյան կառույցները, Քարահունջի հուշարձանը եղել է կրոնական պաշտամունքային կառույց, դամբարան և բնակավայր: Բայց, սկսած 1980-ական թվականներից, ուսումնասիրվում է նաև նրա աստղագիտական դերն ու նշանակությունը: Քարահունջի համալիրը այժմ հայտնի է ու նշանավոր, այն անվանում են նաև հայկական Սթոունհենջ: Հայաստանի հանրապետության Կառավարության 2004 թվականի որոշմամբ Զորաց քարեր հնավայրը պաշտոնապես անվանվել է «Քարահունջի աստղադիտարան» և նրան տրվել է պատմամշակույթային արգելոցի կարգավիճակ:

Եվ այսպես, որտե՞ղ է գտնվում Քարահունջը և ինչպիսի՞ն է նրա տեսքն ու կառուցվածքը: Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող սարահարթում, Երևանից 200 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել են նախապատմական կառույցի մնացորդներ, որոնք բաղկացած են հարյուրավոր կանգնած քարերից, որոնք դասավորված են կանոնավոր, մի մասը՝ շրջանաձև (կրոմլեխ), մյուս մասը՝ ուղղագիծ թևերով, որոնք սկիզբ են առնում շրջանից: Տեղանքի կանոնավոր դասավորության ընդհանուր տեսարանը ուղղաթիռի բարձրությունից շատ տպավորիչ է:

Քարերն ունեն 2-3 մ բարձրություն և մինչև 10 տոննա քաշ: Քարերից շատերի վերին մասում կա կլոր անցք, որի տրամագիծը կազմում է 5 սանտիմետր և որը լավ է մշակված: Անցքերով այս քարերը եզակի են՝ աշխարհի այլ երկրներում հայտնաբերված մեգալիթյան կառույցներից և ոչ մեկում չկան անցքավոր քարեր: Այդ անցքերը շատ կարևոր են քարե համալիրի նշանակությունն ու տարիքը պարզելու համար: Դրանք վկայում են, որ հնամենի կառույցը եղել է աստղադիտարան:

 

Փոքր անցքերով այս քարերը հանդիսանում են զարմանալիորեն ճշգրիտ աստղադիտակներ: Այսպես, որոշ անցքեր ուղղված են հորիզոնին ու նայում են արևածագի և արևամուտի կետերի ուղղությամբ: Շատ անցքեր էլ նայում են դեպի վեր՝ երկնքի տարբեր կետերին: Ենթադրվում է, որ անցքի ուղղվածության ճշտությունը մեծացնելու նպատակով նրա մեջ տեղադրվել է բամբուկից կամ եղեգից պատրաստված խողովակ:

 

Քարերի անցքերը թույլ են տալիս աստղագիտական մեթոդով որոշել Քարահունջի տարիքը: Պարզաբանենք այս կարևոր միտքը: Հայտնի է, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը՝ 24 ժամ պարբերությամբ: Բացի այդ, Երկրի առանցքը թեքված է և այն, իր հերթին, պտտվում է հոլի նման՝ 26000 տարի պարբերությամբ: Այդ շարժումն անվանում են պրեցեսիա: Երկրի առանցքի պրեցեսիայի հետևանքով դանդաղորեն փոխվում է աստղերի դիրքը երկնքում, ինչպես նաև, արևածագի ու արևամուտի կետերի դիրքը հորիզոնի վրա: Հազարամյակների ընթացքում այդ փոփոխությունները կուտակվելով հասնում են զգալի չափերի:

 

Պրեցեսիա
Պրեցեսիա

Բերենք երեք օրինակ:

Առաջին օրինակ: Այժմյան Հայաստանի երկնքում անզեն աչքով դիտվում են Օրիոնի գեղեցիկ համաստեղությունն ու երկնքի ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, իսկ մի քանի հազար տարի անց նրանք Հայաստանից էլ չեն դիտվի: Փոխարենը կդիտվեն նոր համաստեղություններ, որոնք նախկինում չէին դիտվում:

Երկրորդ օրինակ: Մեր ժամանակներում Երկրի առանցքն ուղղված է դեպի Բևեռային աստղը, իսկ 12000 տարի հետո այն ուղղված կլինի դեպի Վեգան՝ հյուսիսային երկնքի ամենապայծառ աստղը:

Երրորդ օրինակ: Ժամանակի ընթացքում մարտի 23-ի արևածագի կետը տեղաշարժվում է հորիզոնի վրա՝ Արեգակին ընդառաջ: Տեղաշարժի չափը 100 տարվա ընթացքում կազմում է 5.5 րոպե: Դա նշանակում է, որ 100 տարի հետո մարտի 23-ը կգա 5.5 րոպեով շուտ: Հետևաբար, հազարամյակներ առաջ տեղի ունեցած արևածագի տեղը հորիզոնի վրա զգալիորեն շեղված կլինի մեր օրերում տեղի ունեցած արևածագի տեղից:

 

Երկրի առանցքի ուղվածության փոփոխությունը
Երկրի առանցքի ուղվածության փոփոխությունը

Այսպիսով, պրեցեսիայի օրենքը թույլ է տալիս հաշվարկել աստղերի և արևածագի կետերի դիրքերը անցյալի ցանկացած ժամանակի համար: Դա իր հերթին թույլ է տալիս պատասխանել հետևյալ հարցին. քանի՞ տարով պետք է տեղաշարժվել դեպի անցյալը, որպեսզի այդ ժամանակաշրջանի համար Քարահունջի երկինքն ունենա լուսատուների այնպիսի դասավորություն, որպեսզի տարբեր քարերի անցքերը, այն էլ իրենց մեջ տեղադրված բամբուկե խողովակներով, ճշգրտորեն նայեին տարբեր աստղերին այն պահերին, երբ նրանք գտնվել են իրենց ամենաբարձր դիրքերում, և բացի այդ, որոշ քարերի անցքեր էլ նայեին արևածագին ու արևամուտին գիշերահավասարի օրերին, այսինքն մարտի 23-ին և սեպտեմբերի 22-ին, երբ ցերեկվա ու գիշերվա տևողությունները հավասար են :

Հաշվարկներից ստացված պատասխանը եղել է 7500 տարի:

Այսպիսով, աստղագիտական մեթոդը, որով հաշվարկել են Քարահունջի կառույցի տարիքը, եղել է Երկրի առանցքի պրեցեսիայի օրենքը:

Վերջում նշենք, որ հնագույն աստղադիտարանն օգտագործվել է երկնային լուսատուների շարժը դիտելու և ժամանակը չափելու նպատակներով, ինչը եղել է անհրաժեշտ տեղանքում կողմնորոշվելու, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, որսի գնալու և անասնապահությամբ զբաղվելու համար:

Իսկ ամենավերջում ավելացնենք, որ Քարահունջի նախապատմական հուշարձանը վկայում է, որ Հայաստանում հազարամյակներ առաջ եղել է բարձր զարգացած քաղաքակրթության:

 

 

Նյութի հեղինակ՝ Սիրանուշ Ասատրյան, 10-րդ դասարան

Խորհրդատւ՝ աստղաֆիզիկոս Նորայր Ասատրյան

 

Նյութում օգտագործվել են հետևյալ աղբյուրները.

1. Հերունի Պ., Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան, 2006;

2. Պարսամյան Է. Ս., Հնագույն աստղագիտությունը Հայաստանում, “Природа”, 1987, N 2 (ռուսերեն):

Նյութում ցուցադրված լուսանկարները վերցվել են Պ. Հերունու գրքից, ինչպես նաև, www.FindArmenia.com կայքից:

Լուսանկարների վրա բացատրական նշումներն ու մեկնաբանությունները կատարվել են մեր կողմից:

 

 

 

 

Write a comment

Comments: 0