Հասարակ, բայց միակ ու անկրկնելի

Բոլորն էլ հաստատ մտածած կլինեն իրենց կյանքի մասին, այն ճանապարհի մասին, որն անցել են իրենց կյանքի ընթացքում: Բոլորն էլ ունեցել են դեպքեր իրենց կյանքի ընթացքում, որոնք միշտ հիշում են ու չեն մոռանում: Այդ դեպքերը կարող են լինել և ուրախ և տխուր: Մենք հիմնականում հիշում ենք այն դեպքերը, որոնք կամ դրական կամ բացասական ձևով ազդել են մեր վրա: Մենք անկախ մեզանից մտածում ենք այդ դեպքերի մասին, փորձում ենք հասկանալ, թե ինչպես կընթանար այդ դեպքը, եթե ինչ որ պահ ուրիշ լիներ, ինչքան երջանիկ, հուզված կամ անտարբեր էինք մենք այդ ժամանակ, և նման բաներ: Հիշում ենք  այն ֆիլմերը, որոնք տպավորվել են և ինչ- որ զգացմունք են առաջացրել մեր մեջ: Երջանկություն, տխրություն, հուզմունք, ջղայնություն, կարեկցություն, տանջանք, դրանցից միայն մեկն էլ բավարար է, որպեսզի ֆիլմը, դեպքը իրադարձությունը, պատմությունը տպավորություն թողնի մեր վրա: Հաճախ ամեն իրադարձություն մարդու գիտակցությունը կապում է ինչ որ մի վայրի կամ առարկայի հետ: Տեսնելով դա, մարդը հիշում է դեպքը և նորից վերապրում այն զգացմունքները, որոնք ունեցել է այն ժամանակ: Ծովի ալիքների ձայնը, ափի վրայի քարերը, ծովի ցանկացած լուսանկար և թեկուզ հենց <<ծով>> բառը ինձ հիշեցնում է, թե ինչքան ուրախ էի ես անցկացնում իմ օրերը ծովափում հանգստանալիս: Տիկնիկ բառը ինձ հիշեցնում է այն տիկնիկը, որը պատրաստել էր մայրիկս և ինձ նվիրել իմ տարեդարձի օրը, երբ դառնում էի երեք տարեկան, և որը ես կորցրեցի: Կորցրեցի անվերադարձ: Շատ էի կապվել այդ տիկնիկի հետ, նա կարծես դառել էր իմ միակ մոտիկ ընկերը: Նա լուռ էր, բայց կարծես խոսում էր, հասարակ էր, բայց իմ համար նա ամենագեղեցիկն ու ամենախորհրդավորն էր: Ես նրան էի պատմում իմ բոլոր հաջողություններն ու անհաջողությունները: Նա լուռ ու մտախոհ դեմքով նայում էր ինձ: Մեր գիտակցությունները կարծես կապված էին իրար, և նա միշտ կարողանում էր ինձ հանգստացնել: Այդ տիկնիկն ապրում էր սեփական տանը: Այնպես լավ եմ հիշում այդ տունը: Այն շատ հին էր, բայց այնքան խորհրդավորություն կար նրա մեջ: Իմ մայրիկը այդտեղ էր մեծացել և ես նույնը հույս ունեի, բայց... Մի թողեք, որ կյանքի պահերը հենց այնպես կորչեն, մի արհամարհեք հիշողություններին: Մարդու կյանքում չպետք է գերիշխեն ուրախ կամ տխուր հիշողությունները, դրանք պետք է հավասար լինեն: Մարդը հենց դրանով է դառնում մարդ:

Write a comment

Comments: 0