Ճամփորդություններ


Առաջին անգամ Ջավախքում

Հուլիսի 22-24ը ես առաջին անգամ անցկացրեցի  Ջավախքում: Երբ անցանք սահմանը ես սպասում էի թե հիմա ամեն ինչ վրացական և վրացերեն է լինելու՝  խոսելու են վրացերեն, գնումներ վրացական լարիով,վրացերեն ցուցանակներ... Սկզբից հենց այդպես էլ եղավ, բայց երբ հասանք սահմանից հետո առաջին քաղաքը՝ Նինոցմինդան հանդիպեցի հայերեն ցուցանակներ, իսկ երբ հասանք Հեշտիա գյուղը, այնտեղ բոլորը խոսում էին հայերեն և նույնիսկ ընդունում հայկական դրամ: Մեզ դիմավորեց ընկեր Արմանը, ով Հեշտիա գյուղից էր: Հենց առաջին ընտանիքում՝ ընկեր Արմանենց տանը, զգացի թե ինչքան հյուրասեր և բարեհամբյուր են Ջավախքի ժողովուրդը: Անհամբեր սպասում էի, թե երբ ենք բարձրանալու Աբուլ լեռը (3320մ): Ճանապարհը գյուղից միջև լեռան ստորոտը կարող էր անցնել միայն բեռնատար մեքենան: Պարզվեց, որ բեռնատարով գնալը բավականին զվարճալի է, բացի այդ եղանակն էլ որոշեց զվարճացնել մեզ և հանկարծակի կարկուտ ուղարկեց: Ճանապարհը շատ գեղեցիկ էր, ծաղկաշատ: Բայց շուտ է ուրախանալը, մեզ առջևում սպասվում էր բավականին բարդ ու քարքարոտ ճանապարհ: Այդ ճանապարհն էլ հաղթահարելիս ես հաճույք ստացա: Այն տեսարարնը, որը բացվում էր գագաթից լիովին արժանի էր այդ չարչարանքին: Մենք գիշերեցինք լեռան գագաթին  և առավոտյան դիմավորեցինք արևածագը: Վերևից երևում էր ամբողջ Ջավախք աշխարհը իր լեռներով ու լճերով, ուշագրավ էր հատկապես Փարվանա լիճը, որը երևում էր իր ամբողջ մեծությամբ ու շքեղությամբ: Լեռան գագաթը ամպերից վեր էր: Կարծես թե ինձ չէր բավարարել երկրային կյանքը և ես անցա երկնայինին՝ ամպերից վեր: Բայց երկնային կյանքը շուտով ավարտվեց և մենք անցանք ջրային կյանքի: Լողացանք Թափարվանա գետում, գիշերեցինք Փարվանա լճի ափին: Փարվանան ընդհանրապես նման չէր մեր Սևանա լճին, այն մոխրագույն էր, կարծես թե ուզում էր ասել, որ ավելի դժվար կյանք է ունեցել: Ի տարբերություն Սևանի ափերին, որոնք անընդհատ աղբ հավաքելու կարիք ունեն, այստեղ ոչ գետերի և ոչ լճերի ափերը աղտոտված չէին, բավականին մաքուր էին, ինչը ինձ շատ ուրախացրեց և տխրեցրեց՝ եթե հնարավոր է չաղտոտել, ապա ինչու մենք՝ հայաստանցիներս չենք անում:  

Սարի գագաթին գիշերելուց հետո վրաններում գիշերելը դրախտ էր թվում, վաղուց այդքան լավ քնած չկայի:

Ում տուն այցելում էինք մեծ հաճույքով ընդունում էին: Երկու անգամ տարբեր ընտանիքների հանդիպեցինք Փարվանայի ափին, եկել էին Վարդավառը տոնելու, երկու անգամն էլ մեծ սիրով մեզ հրավիրեցին իրենց խնջույքին, հյուրասիրեցին: Այդ պատճառով այս ճամփորդությունը եղավ իմ ամեմա ձմերուկաառատ ու խորովածաշատ ճամփորդությունը: Հետո մեզ այցելեց Վլադիկան՝ նա կաջակցի մեր հետագա պլաններին Փարվանայի ափին ճամբար բացելու համար: Վլադիկան իր հետ բերել էր երկու խոշոր ձմերուկ, ճիշտ է մենք արդեն հագեցել էինք ձմերուկից, բայց նրա բերածը լրիվ ուրիշ էր և մենք մեծ հաճույքով կերանք:

Շատ նոր բաներ արեցի այս ճամփորդության ընդացքում, որ երբևիցե չեմ արել՝ քնեցի սարի գագաթին, եղա ամպերից վեր, և վերջապես եղա Ջավախքում: Բոլորն ասում էին որ էլ չեն ցանկանա բարձրանալ Աբուլ լեռը, որովհետև դժվար է, իսկ ես մեծ հաճույքով կրկին կբարձրանայի: Այն բավականին նման էր մեր Արագածի արևմտյան գագաթին: 

Ամբողջ ճամփորդության ընթացքում կարծես Հայաստանում լինեի, միայն վրացերեն ցուցանակներն ու մեքենաների վրացական համարանիշները տեսնելով էի հիշում, որ Վրաստանի Հանրապետությունում եմ: 

Շնորհակալ եմ տիար Գևորգին և ընկեր Արմանին այս հրաշալի ճամփորդությունը կազմակերպելու համար, տիար Բլեյանին այն ավելի ուսումնական դարձնելու, ընկեր Արմանին և գյուղի բնակիչներին մեզ ուղեկցելու ու լավ ընդունելու, իսկ խմբի մնացած անդամներին ինձ ընկերակցելու համար: Ես ձեռք բերեցի նոր ընկերներ թե մեր խմբից թե Ջավախքից...

Read More 0 Comments

Առողջագիտության դասեր Սևանի <<Ժայռ>> ռազմամարզական ճամբարում

Օգոստոսի 21-24-ը եղա Սևանի <<Ժայռ>> ռազմամարզական ճամբարում: Այնտեղ արեցինք ռազմամարզական պարապմունքներ և առողջագիտական դասեր: Ընկեր Քրիստինեն սովորեցրեց մեզ  ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մենք ունեինք <<վիրավորներ>> և պետք է ճիշտ կողմորոշվեինք թե ինչպես օգնենք նրանց: <<վիրավորները>> ունեին կոտրվածքներ, վերքեր, օտար մարմիններ ձեռքի մեջ, զարկերակային արյունահոսություն: Կարևոր է իմանալ, որ եթե ձեռքի մեջ ապակու կտոր է մխրճվել, այն պետք չէ հեռացնել, որովհետև վերքը կարող է ավելի խորանալ, այլ պետք է վիրակապել այն առանց ապակին հանելու: Սովորեցինք նաև թե ինչպես պետք է վարվել ուշագնաց մարդուն օգնելու համար: Մենք հյուրեր ունեինք Պաշտպանության նախարարությունից և նրանց ցույց տվեցինք, թե ինչպես այդ ամենը պետք է իրականացնել: Կարծում եմ, որ շատ կարևոր է այդ ամենը իմանալը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք ինքներս կարողանանք օգնել բուժօգնության կարիք ունեցող մարդկանց:

 

Read More 0 Comments

Արագածի հարավային և արևմտյան գագաթները նվաճված են

Միշտ ցանկացել եմ բարձրանալ Հայաստանի ամենաբարձր լեռը՝ Արագածը, և միշտ էլ ինձ թվացել է այն անհաս բարձունք: Եվ ահա՝ օգոստոսի 6-ին այն ինձ համար դարձավ հասանելի: Ահա թե ինչպես.

օգոստոսի 3-ին կարդացի տիար Գևորգի Արագած բարձրանալու հայտարարությունը: Որոշեցի մասնակցել և իրականացնել իմ վաղեմի երազանքը:

Արագածը հենց սկզբից ինձ զարմացրեց իր քարքարոտությամբ: Ամբողջ ճանապարհին սնկեր էին աճում և ծաղիկներ: Զարմանալին այն էր, որ նույնիսկ գագաթի վրա քարերի արանքից աճում էին անմոռուկներ ու երիցուկներ: Շրջակայքում կային ձյան շերտեր, բայց ամենևին ցուրտ չէր: Մի փոքր ցրտեց միայն գագաթի մոտ, երբ սառը քամի սկսեց: Սկզբում՝ երբ  սկսեցինք բարձրանալ Քարի լճի մոտից, ես պատկերացում անգամ չունեի, թե դեռ ինչքան պիտի զարմանամ:

Մեր խմբում ամենափոքրը ես էի: Երբեք մեծերի հետ ճամփորդության չէի գնացել: Հիանալի խումբ էր հավաքվել, բոլորն էլ լավ արշավորդներ էին, բոլորի հետ զրուցեցի: Մենք քայլում էինք խմբված, արագ և բավականին շուտ հասանք Արագածի հարավային գագաթ, ինչը հնարավորություն տվեց ցանկացողներին բարձրանալ նաև արևմտյան գագաթ:

Մեզ առաջնորդում էր տիար Գևորգի համակուրսեցին՝ պարոն Հրաչը: Իմացա, որ նա Արագածի չորս գագաթներն էլ բարձրացել է բազմաթիվ անգամ՝ձմռանը, ամռանը, գիշերումով կամ առանց դրա: Նույնիսկ պատահել է, որ  նա մեկ օրում է հաղթահարել չորս գագաթները: Պարոն Հրաչի համար հարավային գագաթ բարձրանալը այնքան հեշտ էր, որ նույնիսկ մեր համար ձմերուկ էր բարձրացնում, որպեսզի գագաթին ուտենք:

Հարավային գագաթ հասնելուն պես հանգստացանք, վայելեցինք գեղեցիկ տեսարանը, որ բացվում էր գագաթից՝ երևում էին խառնարանը  (խորությունը՝ 400մ, իսկ տրամագիծը՝ 2 կմ) և մնացած երեք գագաթները, կերանք ձմերուկը: Այնուհետև, արևմտյան գագաթ բարձրանալու ցանկություն ունեցողները կազմեցին նոր խումբ: Քանի որ ես դեռ չէի հոգնել (Արագածի մաքուր օդի շնորհիվ) որոշեցի միանալ խմբին և շարունակել արշավը: Մեր նոր խումբը համեմատաբար փոքրաթիվ էր.   պարոն Հրաչը՝ մեզ առաջնորդող լեռնագնացը, տիար Գևորգի դուստրը՝ Անահիտը, քանդակագործ ընկեր Աշոտը և ես՝ 10-րդ դասարանցի Սիրանուշը: Արևմտյան գագաթ բարձրանալը այնքան էլ դյուրին չէր: Ճանապարհն անցնում էր կտրուկ վերելքով, որը պատված էր անկայուն դասավորված քարերով, որոնց վրա հենվելիս դրանք կարող էին սահել ոտքիդ տակից:

Հաղթահարեցի այդ դժվարությունները և հասա գագաթին: Ահա մենք 4000 մ բարձրության վրա էնք, ամպերից վեր էնք: Նայում էինք ներքև և տեսնում լողացող ամպերի կույտեր: Ցանկություն էր առաջանում նետվել ամպերի մեջ և լողալ:

Հետադարձի ճանապարհին իջնում էինք ձյուների միջով: Այնքան հավես էր, ես սահում էի, վազում, հանկարծ սայթաքում և ընկնում ձյան մեջ, վեր կենում, սահում ու նորից սայթաքում՝ ընկնում... Վերջապես հասանք Քարի լիճ, որտեղից որ սկսել էինք մեր արշավը, և միացանք մեզ սպասող մեր հիմնական խմբին: Ընդհանրապես հոգնածություն չէի զգում, նույնիսկ Երևան վերադառնալու ճանապարհին ավտոբուսի մեջ չքնեցի:

Լեռ բարձրանալը պարզապես քայլարշավ չէ, այն ինքնահաղթահարում է, ինքնաճանաճում:

Շնորհակալ եմ տիար Գևորգին մեզ Արագած տանելու համար: Ես մեծ հաճույքով կցանկանամ կրկին արշավել դեպի Արագածի բարձունքները և կսպասեմ հաջորդ անգամներին:

 

 

Read More 1 Comments

Չորս անկրկնելի օրեր Լոռու մարզում

 

Հրաշալի անցավ Օձունում: Ես առաջին անգամ էի լինում Լոռու մարզում: Առաջինը որ տեսա Լոռի մարզ մտնելուց, դա 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով առաջացած ճեղքերն էին սարերի լանջերի վրա, որոնց շնորհիվ ես պատկերացում կազմեցի այդ բնական աղետի մասինՀետո տեսա մարզի իմ կարծիքով ամենաուշագրավ տեսարաններից մեկը՝ Դեբեդ գետի կիրճը: Այդ պահին հիշեցի Հ. Թումանյանի <<Լոռեցի Սաքոն>> պոեմը, և հասկացա թե ինչքան նման է նա նկարագրել Դեբեդի կիրճը:

<< Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
   Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․>>:

 

Օձունում մեզ հյուրընկալեց տիկին Մարիամը:

Առաջին վայրը, ուր ուղևորվեցինք, Քոբայրի վանքն էր: Այնտեղ հասնելը այդքան էլ հեշտ չէր, նախ պետք է մի փոքր արշավել, իսկ հետո նոր վայելել գեղեցիկ տեսարանը, որ բացվում է Քոբայրի վանքից: Ընկեր Սոնան մեզ պատմեց վանքի մասին: Իմացա, որ վանքը կառուցվել է 1171 թ.-ին Բագրատունիների կողմից: Վանքի զանգակատան կիսաքանդ պատին երևում էին վրացական մշակույթի նկարներ, իսկ ներգևում՝ վրացերեն արձանագրություն կար: Վանքի կողքի քարանձավներում հին ժամանակներում թշնամուց թաքցրել էին հայերեն գրքերը:

Քոբայր գյուղում շփվեցինք գյուղի բնակիչների հետ: Իմացանք, որ նրանք ունեն շատ հետաքրքիր ու անհասկանալի բարբառ, որը սակայն չեն օգտագործում:

Օձուն գյուղը բավականին մեծ գյուղ է, ասֆալտապատ ճանապարհներով, գեղեցիկ տներով, բազմազան խանութներով և բարեկարգ դպրոցներով: Գյուղի ամենամեծ եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը  կառուցվել է 6-րդ դարում: Այդ եկեղեցու պատմությունը մեզ պատմեց տեր Վրթանեսը և ցույց տվեց 4-րդ և 5-րդ դարի քանդակներն ու արևային ժամացույցը: Հետո մենք տեր Վրթանեսի հետ քննարկեցինք Հիսուսի առակները: Եկեղեցին ուներ բավականին լայն ու կանաչապատ բակ: Այնտեղ վրաններում մնում էին տարբեր մարզերից եկած երեխաներ: Մենք ընկերացանք նրանց հետ և խաղեր խաղացինք:

Հաջորդ օրը այցելեցինք Արդվիի Սբ. Հավհաննես վանքը: Վանքի կողքում է գտնվում Հովհաննես Օձնեցու գերեզմանը, իսկ մի փոքր այն կողմ՝ ժայռի վրա, գտնվում է <<Օձի պարտը>>: Ավանդությունը պատմում է, որ Սբ. Հովհաննեսը պատարագ անցկացնելիս է եղել, երբ գյուղի վրա հարձակվել է վիշապ և կերել գյուղի կանանցից մեկին: Նա հերթով ուղարկել է իր աշակերտներին, որ իմանան, թե ինչ է պատահել, սակայն ոչ ոք չի վերադարձել: Վերջում Սբ. Հովհաննեսը դուրս է եկել եկեղեցուց և վիշապին տեսնելուն պես հարվածել վիշապի գլխին իր գավազանով և ասել. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»։ Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է։ <<Օձի պորտը>> հենց այդ տեսքն էլ ունի. ժայռի մեջ երևում է քարացած օձի գլուխը և նրա մոտից հոսում է աղբյուր:

Մեր հետաքրքիր ճամփորդության հաջորդ կանգառն էր Սանահինի և Հաղպատի վանքերը: Վանքերի ճանապարհը անցում էր Դեբեդ գետի կողքով և այդտեղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի Ալավերդի քաղաքը: Անտառը կարծես գրկել էր քաղաքը:

Սանահինը գտնվում էր անտառի մեջ գողտրիկ անկյունում: Այն կառուցվել է Աշոտ Գ Ողորմած արքայի օրոք 966թ.-ին: Այնտեղ մենք տեսանք Զաքարյանների դամբարանը: Սանահին անվանումը ծագել է <<Սա նա հին (սա նրանից (Հաղպատից) հին է)>> նախադասությունից:

Հաղպատի վանքը գնտվում է բլրի լանջի վրա: Այն կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին: Եվ Սանահինի և Հաղպատի վանքերը եղել են դպրոցներ և գրադարաններ: Այնտեղ ուսուցանել են փիլիսոփայություն, աստվածաբանություն, հռետորություն, երաժշտություն, և այլն:

Սանահինի վանքը իմ ուշադրությունը գրավեց իր խորհրդավորությամբ, իսկ Հաղպատինը՝ գեղեցկությամբ:

Շարունակեցինք մեր գրական քննարկումները Հաղպատի կողքի մարգագետնում:

Երբ իմ ձեռքը խայթեց եղինջը, ինձ խորհուրդ տվեցին ձեռքիս դնել եզան լեզվի տերևը: Ես նկատեցի բնության մեջ մի հետաքրքիր օրինաչափություն. որտեղ որ աճում է եղինջ, նրա կողքին անպայման եզան լեզու կգտնեք: Բնությունը հոգ է տանում մեր մասին:

Մեր ճամփորդության չորրորդ և վերջին օրը այցելեցինք Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Թեպետ առաջին անգամ էի Դսեղում, սակայն զգացողություն ունեցա, որ այստեղ արդեն եղել եմ: Մի գուցե դա թումանյանական պոեմների շո՞ւնչն էր: Տեսնելով Հ. Թումանյանի սենյակները, ես պատկերացրեցի թե նա ինչպես է ապրել: Հ. Թումանյանի մասին ամեն ինչ հետաքրքիր է, թե ինչպիսի տանն է ապրել, ինչ իրերով է շրջապատված եղել, ինչ նախասիրություններ է ունեցել, և այլն:

Ուշագրավ էր Հ. Թումանյանի բրնձի հատիկից փոքր ոսկե դիմաքանդակը, որը պետք է նայել մանրադիտակով: Այն պատրաստել է քանդակագործ Էդուարդ Ղազարյանը:

Բազում տպավորություններով վերադարձանք տուն: Ասեմ նաև, որ ճամփորդության ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, և ոչ միայն մեր դպրոցից: Նրանց հետ հաճույքով շփվում էի, խաղեր խաղում, և միչև հիմա էլ շարունակում եմ շփվել:

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցչուհիներին՝ ընկեր Սոնային, տիկին Նոննային, ընկեր Էլլային, տան տիրուհուն՝ տիկին Մարիամին և մեր վարորդ ընկեր Արաիկին այդ չորս օրը հրաշալի կազմակերպելու, գիտելիքներով, տեսարժան վայրերով ու ուտելիքով լի անցկացնելու համար: Հուսով եմ այսպիսի ճամփորդություններ հաճախակի կլինեն:

Սիրանուշ Ասատրյան, 10-րդ դասարան

Read More 2 Comments

Սևանի ռազմամարզական ճամբարում նոր ընկերների հետ

Քանի որ դպրոցում մենք ունեցանք հետաքրքիր Ավագ դպրոց  մուտքի ճամբար, որոշեցինք այն շարունակել Սևանի <<Ժայռ>> ռազմամարզական ճամբարում: Նախքան գնալը մտածում էի, որ երկրորդ անգամ ձանձրալի կլինի, բայց ի՜նչ ձանձրալի, անցավ լրիվ նոր տպավորություններով ու պահերով, կարծես առաջին անգամ լինեինք: Սևանը մեզ այս անգամ դիմավորեց լրիվ նոր տեսքով և ջրի ավելի բարձր մակարդակով: 

Ճամբարում սովորեցի վրան խփել՝ մենք ինքներս խփեցինք մեր վրանները: Ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ ճամբարից հետո էլ եմ շփվում: Ծանոթացա նորեկների հետ և նրանք նույնպես դարձան իմ ընկերները: Մենք միասին խաղեր էինք խաղում, զրուցում և լողում Սևանա լճում: Մեզ հետ էին ընկեր Բորիսը, ընկեր Մարթան, Միսս Բուշը, ընկեր Իրինան, հարգելի Ստեփանը և ընկեր Հերմինեն: Առավոտյան մենք մարմնամարզանք էինք անում ընկեր Բորիսի հետ, կեսօրին պարում էինք հարգելի Ստեփանի հետ, իսկ երեկոյան բոլոր ուսուցիչների հետ զրուցում էինք, շարունակում երևանյան քննարկումները ու խաղում <<դեպրեսիա>> խաղը: Մի խոսքով շատ հագեցած ժամանակ էինք անցկացնում: Մեր հարևան հանգստացողները հիացան մեր պարերով և զարմացան, որ մեր կրթահամալիրում նման ճամբարներ են կազմակերպում:

Հաջորդ օրը մեզ այցելեցին Տիար Գևորգը և Միստր Յուրան: Մենք նրանց ցույց տվեցինք մեր վրանները և ծանոթացրինք մեր առօրյաին: 

Շատ հավես անցավ Վարդավառը: Առավոտյան լվացվելու գնում էինք անտառի միջով, որպեսզի հարևանները մեզ չջրեն: Իսկ երբ եղանակը տաքացավ, մենք հարգելի Ստեփանի հետ կատարեցինք Վարդավառի ծեսը ու նետվեցինք ջուրը: Ջրի մեջ էլ պարեցինք <<Խամ-խամա>>: Վարդավառը շարունակվեց նաև գիշերը՝ մեր վրաններն ու եղանակը որոշեցին մեզ ջրել: Անձրևը լցվեց մեր վրանի մեջ և մենք ստիպված եղանք տեղափոխվել ափի մոտ գտնվող փայտե գեղեցիկ տնակ: 

Շատ ուրախ, ակտիվ ու հետաքրքիր ժամանակ անցկացրեցի, հասկացա, որ Սևանի ափին ավազե սարեր կառուցելուց, լիճը քարեր նետելուց ու պարզապես ընկերների հետ զրուցելուց ավելի լավ բան չկա, շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին ու իմ ընկերներին:

Read More 2 Comments

Այցելություն Կարինի տնկարան

Ուրբաթ օրը ընկեր Անուշի հետ գնացինք Աշտարակից ոչ հեռու գտնվող Կարինի տնկարան, որը հիմնադրել է ATP (Armenian Tree Project) կազմակերպությունը: Սկզբում մեզ ծանոթացրեցին կազմակերպության նպատակների և աշխատանքների հետ: Նրանք աճեցնում էին տնկիներ, որոնք տարածում են ամբողջ Հայաստանով և Արցախով: ATP-ին կանաչապատել է Խոր Վիրապ եկեղեցու շրջակայքը, հիմնել է Հրանտ Դինք անտառը Լոռու մարզում, Սուրբ Երրորդություն եկեղեցու շրջակայքը, Զորավար Անդրանիկ այգին և այլն: Հետո աշխատակիցների հետ միասին քննարկեցինք էկոլոգիական խնդիր՝ մարդու վնասակար ազդեցությունը Երկրի վրա: Պարզվեց, որ մարդիկ սպառում են ավելի շատ, քան երկրագունդը կարող է տալ: Մենք հաշվեցինք, որ 2-3 մոլորակ մեզ պետք կգա, որ մենք ապրենք այնպես, ինչպես հիմա ենք ապրում, այնպես որ երկրագնդի պաշարները պետք է խնամքով օգտագործել և չաղտոտել: 

Մեզ ասացին, որ հաճախակի ծառատունկեր կազմակերպվում են Հայաստանի տարբեր վայրերում, և եթե մենք ցանկանանք, կարող ենք մասնակցել: Ես անձամբ շատ կուզենայի մասնակցել՝ տնկելով ծառ մենք տնկում ենք հույս:

Հետո մեզ ծանոթացրեցին տնկարանի հետ: Այնտեղ հիմնականում պտղատու ծառեր էին, կար նաև ջերմոց: Շնորհակալ ենք աշխատակիցներին մեզ հյուրընկալելու համար:

Հրաշալի տեղ էր, մաքուր, թարմ օդ ու  բնություն, կանաչապատ Հայաստանի հույս, դրանից լավ էլ ինչ է պետք... 

 

Սիրանուշ Ասատրյան

 

Read More 1 Comments

Այցելություն Բյուրականի աստղադիտարան

Շաբաթ օրը մեր անգլերենի ընտրության խմբով միսս Բուշի հետ այցելեցինք Բյուրականի աստղադիտարան: Էքսկուրսիան անցկացնում էր իմ հայրիկը: Ճիշտ է, ես այդ ամեն ինչը արդեն բազմիցս անգամ տեսել էի և գիտեի, բայց մեկ անգամ ևս մեծ հաճույքով լսեցի և թարմացրեցի իմ գիտելիքները: 

Աստղադիտարանում արևոտ եղանակ էր, ամբողջ աստղադիտարանի տարածքը ծածկված էր կանաչ խոտով, երևում էր Արարատ լեռը: Ճիշտ է ծառերն ու ծաղիկները դեռ չէին ծաղկել, բայց դա մեզ չխանգարեց վայելել գեղեցիկ բնությունը:

Մենք ունեցանք հինգ կանգառ: Առաջինը գլխավոր շենքի  բակում էր: Այդտեղ իմացանք ընդհանուր տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի մասին, տեսանք 0,4 մ և 0,5 մ հայելու տրամագծով աստղադիտակների աշտարակները և Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին:

Երկրորդ կանգառը եղավ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան տանող ճանապարհին: Մենք լռություն պահպանեցինք և ունկնդրեցինք բնության մեղեդին՝ սոխակների դայլայլոցը:

Երրորդ կանգառը Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի մոտ էր, սակայն ներս չմտանք, որովհետև թանգարանների համար ոչ աշխատանքային օր էր: Կանգնեցինք թանգարանի բակում և հայրիկս մեզ պատմեց Վիկտոր Համբարձումյանի կյանքի, գործունեության և հայտնագործությունների մասին: 

Չորրորդ կանգառը Բյուրականի աստղադիտարանի (նաև տարածաշրջանի) ամենամեծ աստղադիտակի մոտ էր (հայելու տրամագիծը 2,6 մ): Այդտեղ իմացանք աստղադիտակների կառուցվածքի և աշխատելու ձևի մասին: Շատ կարևոր է իմանալը, որ ոչ մի չափի աստղադիտակով հնարավոր չէ աստղերը մեծ տեսնել քան ուղղակի կետը,  որովհետև աստղը այնքան հեռու է գտնվում երկրագնդից, որ նա դառնում է լուսավոր կետ: Իսկ գալակտիկաներն ու աստղախմբերը խոշորացնել հնարավոր է, դա նրանց մեծ չափերի պատճառով: Աստղադիտակի դերը կայանում է նրանում, որ կուտակում է օբյեկտից ստացված լույսը և անտեսանելի աստղերը դարձնում տեսանելի: Լույսի կուտակումը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի ժամ և ավելի: Լույսը կուտակող սարքը սովորական ջերմաստիճանում տաքանում է, այդ պատճառով նրան սառեցնում են՝ լցնելով հեղուկ ազոտ: 

Հինգերորդ և վերջին կանգառը եղավ 0,5 մ տրամագիծ ունեցող հայելով աստղադիտակի մոտ: Ամռանը այդ աստղադիտակով ես դիտել եմ, կարող եք տեսնել ֆոտոպատումը: Մենք բարձրացանք աշտարակի գմբեթատակ տարածություն, որտեղ տեղադրված էր աստղադիտակը: Հայրիկիս գործընկերը շարժեց աստղադիտակը, բացեց գմբեթը և պտտեց այն: Դա շատ տպավորիչ էր: Հետո նա մեզ ցույց տվեց այդ աստղադիտակով ստացված պատկերներից մի քանիսը:

Դրանով եզրափակվեց մեր այցելությունը: Որոշեցինք, որ մի օր անպայման գալու ենք գիշերային դիտումների համար: 

Read More 1 Comments

Այցելություն <<Կանաչ դրախտ>> ծաղկի սրահ

Նախագծային ուսուցման շաբաթվա ընթացքում ես մի խումբ սովորողների հետ մասնակցեցի ընկեր Անուշի կազմակերպած ճամփորդությանը: Մենք գնացինք <<Կանաչ դրախտ>> ծաղկի սրահ: Այնտեղ կային բազում բույսեր` ծաղիկներ, էկզոտիկ բույսեր, ծառեր: Ինձ հատկապես հետաքրքրեցին արմավենիները, որովհետև Հայաստանում ոչ մի տեղ արմավենի չէի տեսել: Սրահի պատասխանատուն ծանոթացրեց բույսերին, նրանց առանձնահատկություններին, խնամքի ձևին: Որքան էլ որ զարմանալի թվա, ես իմացա, որ բույսերի 80 տոկոսը թունավոր են` կարող են առաջացնել տարբեր ալերգիկ հիվանդություններ: Կար նաև մի հատված, որտեղ միայն եղևնիներ էին աճեցնում: Մենք ձեռք բերեցինք սերմեր սածիլներ ստանալու նպատակով, որոնք արդեն տնկել ենք և մեր ստացած սածիլներով Էկոտուրին կանաչապատելու ենք ներքին բակը: 

Read More 2 Comments

Անմոռանալի օրեր Ծաղկաձորում

Փետրվարի 12-ին ես արթնացա շատ ուրախ, որովհետև գիտեի, որ դասերից հետո գնալու ենք Ծաղկաձոր: Ահա եկավ ժամանակը և մենք մեկնեցինք...

Երբ հասանք Ծաղկաձոր, ինձ միանգամից գրավեց շրջապատը՝ այն ամբողջովին պատված էր ձյունով: Մենք՝ 9-րդ և 10-րդ դասարանցիներով էինք, մեզ հետ էին ընկեր Լուսինեն, միսս Բուշը, ընկեր Քրիստինեն և Քելվինը Հոնգ Կոնգից: Մենք արագ ընտելացանք միջավայրին: Աշակերտներով միասին խաղացինք ձնագնդի և այլ խաղեր մինչև ուշ գիշեր: Այդ ամենին ակտիվորեն մասնակցում էին նաև ուսուցիչներն ու Քելվինը: Քելվինի հետ ընկերացանք, մենք նրան սովորեցնում էինք հայերեն բառեր և նա շատ լավ հիշում և կիրառում էր դրանք: Ցանկանում էինք նաև մասնակցել մայրենի լեզվի ֆլեշմոբին, սակայն ինտերնետ չկար:  Առավոտյան բոլորով ընդհանուր պարապմունք անցկացրինք, նախավարժանք արեցինք, արտասանեցինք Տերյան, Թումանյան: Ընկեր Քրիստինեն առողջագիտության դաս անցկացրեց մեզ հետ ցրտահարության ժամանակ առաջին օգնության մասին: Օրվա ընթացքում այցելեցինք Կեչառիսի վանքային համալիր: Շատ զվարճալի էր ձյան վրայով սահող անիվներով իջնելն ու բարձրանալը: Այն սկզբից վախենալու էր թվում, բայց նստելուց հետո շատ էլ հաճելի էր: Ծաղկաձորում հանդիպեցինք նաև ֆինանսական գրագիտություն նախագծի մյուս անդամներին՝ Էմիլիին Կանադայից և Իզաբելաին Բրազիլիայից: Ոգևորված և վառ տպավորություններով վերադարձանք Ծաղկաձորյան երկօրյա ճամփորդությունից: Կցանկանայի մեր խմբով կրկին գնալ ճամփորդության...

Read More 0 Comments

Ստեղծագործական բարձունքի հաղթահարում

Սեպտեմբերի 19-ին մենք` ընկեր Անիի ու ընկեր Գնելի հետ, մի ստեղծագործ խմբով գնացինք հաղթահարելու Թեժառույքի բարձունքը: Մեզ հետ վերցրել էինք մոլբերտներ, թղթեր, ներկեր ու վրցիններ, ու որոշել էինք նկարել Տրդատավանքը: Ճանապարհը շատ բարդ էր և մենք շատ էինք հոգնել: Երբ տեղ հասանք մեր առջև բացվեց այնպիսի տեսարան, որ իսկույն մոռացանք հոգնածության, երկար ճանապարհի մասին ու 

Read More 0 Comments

Արշավ դեպի Լաստիվեր

Սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, ես և մայրիկս որոշեցինք արշավել դեպի Լաստիվեր: Լաստիվերը գտնվում է Իջևանի մոտակայքում և հայտնի է իր գեղեցիկ բնությունով, ջրվեժներով, Անապատ և Լաստիվեր քարանձավներով և իհարկե ծառերի վրա կառուցված գեղեցիկ տնակներով: 

Երբ որ տեղ հասնաք, այնքան մառախլապատ էր, որ ինձանից մի քանի քայլ այնկողմ չէր երևում: Ես շատ զարմացած էի, երբեք այդքան խիտ մառախուղ չէի տեսել: 

Read More 0 Comments

Կենի

Read More 0 Comments

Մեր օրը Ծաղկաձորում

Երեկ, մի խումբ սովորողներով և ուսուցիչներով գնացինք Ծաղկաձոր: Այնտեղ շատ ուրախ ու հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք: Սկզբից այցելեցինք Կեչառիս վանքային համալիր: Մենք իմացանք, որ այն կազմված է չորս վանքային եկեղեցիներից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, Սուրբ Կաթողիկե եկեղեցի, Սուրբ Հարություն եկեղեցի: Մենք այնտեղ մոմ վառեցինք և աղոթեցինք: Հետո ուղևորվեցինք դեպի ճոպանուղի: Այն գտնվում էր Թեղենիս լեռան վրա: Բոլորս շատ անհամբեր էինք ու մի քիչ վախենում էինք: Բայց իզուր էինք վախենում: Մենք զույգ-զույգ նստեցինք ճոպանուղու նստարաններին և բարձրացանք վերև: Վերևում անհամեմատ ավելի ցուրտ էր: Հեռվում երևում էր Թեղենիսի ձյունածածկ գագաթը: Բոլորս շատ սոված էինք, չէ որ մաքուր օդը քաղց է առաջացնում: Ուտելուց հետո մենք խաղացինք շատ խաղեր, ուրախացանք: Երբ իջնելու ժամանակն էր, ուժեղ անձրև ու թեթև ձյուն սկսվեց, բայց մենք այնքան ոգևորված էինք, համարյա չմրսեցինք: Իջնելուն պես արագ վազեցինք, նստեցինք մեր ավտոբուսներն ու ուղևորվեցինք Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Այնտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին: Մենք շատ նոր բաներ իմացանք Օրբելի եղբայրների մասին: Ես իմացա, որ Օրբելի եղբայների ծնողներն են Աբգարը և Վարվառան: Իմացա, որ ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին, ծնվել է Նախչավանում և եղել է ստորջրյա հնագիտության հիմնադիրը, տիրապետել է տասներկու լեզուների: Միջնեկ եղբայրը՝ Լևոն Օրբելին, ծնվել է Ծաղկաձորում, եղել է հայ ֆիզիոլոգ և բժշկական ծառայության գեներալ-գնդապետ: Եվ փոքր եղբայրը՝ Հովսեփ Օրբելին, ծնվել է Քութաիսում, եղել է աշխարհահռչակ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ, հիմնադրել է Հայ Ազգային ակադեմիան և եղել է առաջին նախագահը: Մենք տեսանք նաև Ծաղկաձորի պեղումներից հայտնաբերված կուժերը և մետաղադրամները: Թանգարանում մեզ համար պատրաստել էին հետաքրքիր խաղ-վիկտորինա: Մենք բաժանվեցինք երկու խմբի՝ <<Կեչառիս>> և <<Հովսեփ Օրբելի>>: Հաղթեց <<Հովսեփ Օրբելի>> թիմը, բայց երկու թիմերն էլ ստացան պատվոգրեր: Վերջում թանգարանի աշխատակցուհիները մեզ համար դաշնամուրով շատ գեղեցիկ կատարեցին Առնո Բաբաջանյանի երգերից: Մենք շատ մեծ տպավորություններով վերադարձանք տուն:

Read More 0 Comments

Արշավ դեպի Հատիս լեռ

Սեպտեմբերի 20-ին, մի խումբ սովորողներով գնացին դեպի Աբովյան քաղաք, բարձրանալու Հատիս լեռը: Լեռը շատ զառիվայր էր: Այնտեղ շատ էյին չոր խոտը և քարերը: Երբ ոտքտ դնում էյիր քարերին կամ չոր խոտին սայթաքում էյիր: Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինել և հրվելուց առաջ ստուգել արդյոց ապահով է, թե ոչ: Առավոտյան այնքան ցուրտ էր այնտեղ, որ կարծեցինք, թե այլևս չի տաքանա բայց մոտ մեկ ժամ անց եղանակը բավականին տաքացավ: Մենք մինչև վերջ չմագլցեցինք, որովհետև շատ վտանգավոր էր և ոչ բոլորն էին կարող շատ բարձրանալ: Բայց ինչքան որ բարձրացանք բավականին բարձր էր: Բարձրունքից հեռվում երևում էին տարբեր գյուղեր և Աբովյան քաղաքը: Այնտեղ գեղեցիկ բնության տեսարաններ չկային, որովհետև շուրջ բոլորը չորացած խատ էր: Հատիսի լանջի վրա կար նաև մի քարանձավ, բայց մենք չայցելեցինք:

Մոռացա նշել, որ սարը բարձրանալուց առաջ մենք նախաճաշեցինք: Երկար ճանապարհից հետո քաղցած էինք:

Բարձրունքը հաղթահարելուց հետո գնացինք Աբովյան քաղաքի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցին: Շատ գեղեցիկ և տպավորիչ եկեղեցի էր:

Լի և հագեցած օրվանից հետո հոգնած վերադարձանք տուն: Ես այնքան հոգնած էի, որ վերադռանալուն պես միանգամից գնացի քնելու...

Read More 4 Comments