Շաբաթ օրը մեր անգլերենի ընտրության խմբով միսս Բուշի հետ այցելեցինք Բյուրականի աստղադիտարան: Էքսկուրսիան անցկացնում էր իմ հայրիկը: Ճիշտ է, ես այդ ամեն ինչը արդեն բազմիցս անգամ տեսել էի և գիտեի, բայց մեկ անգամ ևս մեծ հաճույքով լսեցի և թարմացրեցի իմ գիտելիքները:
Աստղադիտարանում արևոտ եղանակ էր, ամբողջ աստղադիտարանի տարածքը ծածկված էր կանաչ խոտով, երևում էր Արարատ լեռը: Ճիշտ է ծառերն ու ծաղիկները դեռ չէին ծաղկել, բայց դա մեզ չխանգարեց վայելել գեղեցիկ բնությունը:
Մենք ունեցանք հինգ կանգառ: Առաջինը գլխավոր շենքի բակում էր: Այդտեղ իմացանք ընդհանուր տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի մասին, տեսանք 0,4 մ և 0,5 մ հայելու տրամագծով աստղադիտակների աշտարակները և Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին:
Երկրորդ կանգառը եղավ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան տանող ճանապարհին: Մենք լռություն պահպանեցինք և ունկնդրեցինք բնության մեղեդին՝ սոխակների դայլայլոցը:
Երրորդ կանգառը Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի մոտ էր, սակայն ներս չմտանք, որովհետև թանգարանների համար ոչ աշխատանքային օր էր: Կանգնեցինք թանգարանի բակում և հայրիկս մեզ պատմեց Վիկտոր Համբարձումյանի կյանքի, գործունեության և հայտնագործությունների մասին:
Չորրորդ կանգառը Բյուրականի աստղադիտարանի (նաև տարածաշրջանի) ամենամեծ աստղադիտակի մոտ էր (հայելու տրամագիծը 2,6 մ): Այդտեղ իմացանք աստղադիտակների կառուցվածքի և աշխատելու ձևի մասին: Շատ կարևոր է իմանալը, որ ոչ մի չափի աստղադիտակով հնարավոր չէ աստղերը մեծ տեսնել քան ուղղակի կետը, որովհետև աստղը այնքան հեռու է գտնվում երկրագնդից, որ նա դառնում է լուսավոր կետ: Իսկ գալակտիկաներն ու աստղախմբերը խոշորացնել հնարավոր է, դա նրանց մեծ չափերի պատճառով: Աստղադիտակի դերը կայանում է նրանում, որ կուտակում է օբյեկտից ստացված լույսը և անտեսանելի աստղերը դարձնում տեսանելի: Լույսի կուտակումը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի ժամ և ավելի: Լույսը կուտակող սարքը սովորական ջերմաստիճանում տաքանում է, այդ պատճառով նրան սառեցնում են՝ լցնելով հեղուկ ազոտ:
Հինգերորդ և վերջին կանգառը եղավ 0,5 մ տրամագիծ ունեցող հայելով աստղադիտակի մոտ: Ամռանը այդ աստղադիտակով ես դիտել եմ, կարող եք տեսնել ֆոտոպատումը: Մենք բարձրացանք աշտարակի գմբեթատակ տարածություն, որտեղ տեղադրված էր աստղադիտակը: Հայրիկիս գործընկերը շարժեց աստղադիտակը, բացեց գմբեթը և պտտեց այն: Դա շատ տպավորիչ էր: Հետո նա մեզ ցույց տվեց այդ աստղադիտակով ստացված պատկերներից մի քանիսը:
Դրանով եզրափակվեց մեր այցելությունը: Որոշեցինք, որ մի օր անպայման գալու ենք գիշերային դիտումների համար:
Write a comment
sex telefony (Sunday, 15 January 2017 16:15)
memoriał