Էկոլոգիական աղետի հետ կապված հրատապ խնդիր է դառնում թափոնների օգտահանությունը: Որոշ իրերի երկրորդական օգտագործումը թույլ է տալիս կրճատել ածխաթթու գազի արտանետումը և խնայել բնական ռեսուրսները:
Վերամշակմանը առավել պիտանի նյութերից է ալյումինը: Ամբողջ աշխարհում կազմակերպված է ալյումինե տարաների և այլ ջարդոնների վերամշակումը: Ալյումինի վերամշակումը կատարվում է մի քանի փուլով:
1. Մրրկային հոսանքի զատիչի օգնությամբ նյութը մաքրում են կենցաղային աղբից:
2. Մաքրված ջարդոնը կտրատում են և մանրացնում:
3. Փշրանքները ազատում են մագնեզիումից քիմիական կամ մեխանիկական եղանակով: Առաջին դեպքում հալած ջարդոնը անցկացնում են քլորի միջով, երկրորդ դեպքում մետաղը փոխազդում է ալյումինի քլորիդի կամ նատրիումի և կալիումի քլորիդների հետ:
4. Թթվային ռեակցիայի արդյունքում առաջանում է հումք, որից բլոկեր են մամլում:
5. Բլոկները տեղադրում են հատուկ վառարան, որտեղ +750ºC ջերմաստիճանում ձուլվում է մաքուր մետաղ:
6. Ալյումինից հեռացնում են խարամները:
7. Հալված նյութի մի մասը ենթարկում են սպեկտրոսկոպիկ վերլուծության, այսինքն, որոշում են մետաղի մեջ իոնների, մոլեկուլների և ատոմների քանակը, պարզում են, ինչպես են մասնիկները փոխազդում էլեկտրամագնիսական ճառագայթումների հետ: Դա անհրաժեշտ է հենց ալյումին ստանալու հաստատման համար:
8. Եթե պահանջվում է հատուկ ձուլվածք, մետաղը միացնում են պղնձի, ցինկի, սիլիցիումի և մագնեզիումի հետ:
9. Պատրաստի նյութը հանում են վառարանից:
Վերջնական արտադրանքը ստացվում է մամլված թերթերի կամ փոշու տեսքով: Արտադրողները առաջարկում են նաև ձուլակտորներ, մետաղաձուլ ձողեր, ձողիկներ, լարեր, ժապավեններ:
Ալյումինի երկրորդական վերամշակումները պահանջված են ավտոմոբիլային արդյունաբերության մեջ: Վերամշակված մետաղի մոտ 60%-ը օգտագործվում է մեքենայի մասերի պատրաստման համար: Բացի այդ ալյումինից ստացվում են հրակայուն ալյումինոսիլիկատային նյութեր, գազաստեղծ-պորոբետոն և պենոալյումին:
Վերամշակված ալյումինը պահպանում է սկզբնական հատկությունները, այդ իսկ պատճառով նրանից պատրաստված իրերը որակով չեն զիջում առաջնային արտադրանքին:
Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը,
աղբյուրը՝ http://www.minipedia.org.ua/kak-pererabatyvayut-alyuminij/
Write a comment